«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում արդեն ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները:

Նախապես ընտրված 600 երգերից յուրաքանչյուրի համար պատրաստվել է նկար, որը նկարագրում և ներկայացնում է տվյալ ստեղծագործությունը, նրա ժանրն ու տիպը։
Ներկայացնենք պատրաստ երգերից մի քանիսի մասին տեղեկատվություն։

«Հեյ գյուլ եմ»

«Հեյ գյուլ եմ»-ը վիճակի երգ է, այն երգել են Համբարձման կամ ծաղկամոր տոնին: Գյուղա- կան ժողովրդական կենցաղում չափազանց տարածված այս և մյուս Համբարձման տոնին նվիրված երգերին առանձնակի արժեք էր տրվում։ Աղջիկներր դրանց հետ էին կապում իրենց ճակատագրի իրագործումը։ Գեղջկական մյուս երգերի նման այս շարքի խմբերգերն էլ ունեն պարզ ներդաշնակություն։

«Սոնա յար»

«Սոնա յար»-ը ծիսական երգ է. այն երգում էին Վարդավառի ժամանակ՝ տղա և աղջիկ, փոխեփոխ, իսկ խումբը ձայնակցում էր նրանց: Երգում Վարդավառի ծիսակատարության ավետումն է աղջկան և վերջինիս գովքը՝ սիրահար տղայի կողմից: Երգի շնորհիվ մեր առջև բացվում է գյուղական կոլորիտը, որի կուսական բնությանը ձուլված աղջիկն իր ձայնով ու պարով սրտամաշ է անում բոլորին: Համեմատություններով ու փոխաբերություններով համեմված այս երգը Կոմիտասի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել: Այն ազգային երգադարանի գոհարներից է:

Նշենք նաև, որ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2014թ փետրվար ամսին, ծրագրի գաղափարը հղացել է 2013 թ. օգոստոս ամսից: Այն նպատակ ունի աջակցել հայ մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը: