Դա մեր բողոքն էր միջազգային հանրությանը, որպեսզի ուշադրություն դարձվեր Արցախում տիրող իրավիճակին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը՝ մեկնաբանելով արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ իր ելույթը:

«Գիտեք, պետք է հասկանալ մի բան, որ դրսում, ցավոք սրտի, շատերը չգիտեն անգամ Հայաստանը որտեղ է գտնվում: Հասկանալի է, որ ոչ ոք սիրտ չունի այս իրավիճակում գնա երգի, բայց ես համարեցի, որ ավելի ճիշտ է գնամ բեմ ու գոնե մի մասը, երգի սկզբի մասը փոփոխության ենթարկելով, աղոթքի խոսքերով երգեմ մեր տղաների համար: Եվ հանդիսատեսի մոտ ծագեցին բավականին հարցեր՝ ի՞նչ է կատարվում ձեզ մոտ, ինչպիսի՞ իրավիճակ է և դա քայլ էր, որը ցանկալի էր»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ ըստ Եվրոպական հեռարձակողների միության այսօր տարածած հայտարարության՝ Արցախի դրոշը արգելվածների ցանկում է: Մեկնաբանելով այս տեղեկությունը Գոհար Գասպարյանն ասաց.

«Ինչ խոսք, բնականաբար, մենք մեզ հետ տանելու ենք Արցախի դրոշը, բայց Եվրատեսիլը ունի իր ուրույն կանոնները և հենց դրա շնորհիվ է, որ այն 60 տարի շարունակ գոյատևում է: Եթե դու մասնակցում ես մրցույթին, ապա պարտավոր ես հարգել կանոնները: Մենք բոլորս հարգում ենք և փորձում ենք առաջնորդվել դրանցով: Նրանք այժմ հնարավորինս փորձում են անվտանգությունը խստացնել և այնպես կազմակերպել, որ որևէ մեկը խնդիր չունենա»: