Հայտնի է դարձել Ալավերդիում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի մանրամասները։

Ինչպես հայտնեցին շենքի բնակիչները, դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 04։00֊ի սահմաններում։ Լսելով բակից հնչող աղմուկը՝ հարևաններից ոմանք դուրս են նայել և տեսել, թե ինչպես են երեք զինված անձինք փորձում ուժով մեքենա նստեցնել իրենց հարևան Վարդան Փիրուզյանին։

Վերջինս դիմադրում էր։ Կռվի ընթացքում Վ. Փիրուզյանի գլխին ատրճանակով հարվածել են, ինչից հետո նա վայր է ընկել և, գետնից վերցնելով ընկած նույն ատրճանակը, կրակել իրեն առևանգել փորձող անձանց վրա։ Արդյունքում նրանցից մեկը վիրավորվել է, երկրորդը սպանվել, իսկ երրորդը՝ փախել դեպքի վայրից։

Շենքի բնակիչները նշում են, որ այդ ամենը տեսել է նաև Վարդան Փիրուզյանի մայրը, ով նույնպես աղմուկից դուրս էր եկել և տեսել իր տղայի վրա հարձակվողներին։ Նրանց խոսքերի համաձայն՝ ատրճանակից բացի հարձակվողների ձեռքին նաև ինքնաձիգ է եղել։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել են Երևան: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նաև հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի: Պարզվել է, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր: