Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Կառավարության հերթական նիստն առաջին անգամ վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա երկու կարևոր հայտարարություն արեց.  հանձնարարականներ տվեց հարկային և սոցիալական ոլորտների վերաբերյալ:

Վարչապետը նշեց. քանի որ այս օրերին շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչը հանրությանը հետաքրքրող թեմա է և տեղեկացրեց, որ ստեղծվում են համապատասխան հանձնաժողովներ, որպեսզի այդ աշխատանքները կոորդինացնեն:

ՊԵԿ ղեկավար Հովիկ Հովսեփյանին վարչապետը հանձնարարեց հարկային ստուգումներ իրականացնելիս մանր և փոքր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքում. «Առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ համարվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկադիր կարգապահության անվերապահ կատարումը: Երկրորդ, հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, ապահովել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը և գործողության թափանցիկությունը»:

Խոսքն ուղղելով Հովիկ Հովսեփյանին, Կարեն Կարապետյանն ասաց, որ իր հանձնարարականները պետք է կատարել առանց բիզնեսը խոչընդոտելու. «Որևիցե ստուգում չպետք է խանգարի նրանց ամենօրյա գործունեությանը»: