Մեզ տեղեկություններ էին հասել, որ ապրիլի 5-ին Վայքի քաղաքապետարանի դիմաց քաղաքապետ Թարո Ավետյանի որդին «դեբոշ» է սարքել: Նա եւ իր ընկերը «դուբինկեքով» ծեծի են ենթարկել այլ երիտասարդների, ասում են՝ վիճաբանությունը եղել է ընտրությունների հողի վրա: Այժմ էլ քաղաքապետի որդին փախուստի է դիմել, քանի որ միջադեպով զբաղվում են իրավապահները:

Դիմեցինք ոստիկանություն, մեզ փոխանցեցին, որ նման ահազանգ չեն ստացել, այդ օրը մեկ դանակահարության դեպք է գրանցվել Երեւան-Մեղրի ճանապարհի 145 կմ-ում, այժմ դեպքով զբաղվում է քննչականը: ՔԿ-ից եւս հաստատեցին, որ ապրիլի 5-ին այդ տարածքում միջադեպ է եղել: «Ստացվել է, մեկ անձ աջ ազդրի վերին երրորդականի ծակված վերք-վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն.կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են»,-հայտնեցին քննչականից՝ հրաժարվելով մասնակիցների անուններ եւ այլ մանրամաներ հրապարակել:

Փորձեցինք մանրամասներ իմանալ Թարո Ավետյանից, սակայն նա անգամ չցանկացավ լսել մեր հարցը, ասաց՝ շատ զբաղված է եւ անջատեց հեռախոսը: Ի դեպ, լավատեղյակները պնդում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետի որդին նման միջադեպերի կիզակետում է հայտնվում, սակայն երբեք այս ամենը հետեւանք չի ունենում, տուժողը չի բողոքում:

Նյութի աղբյուրը ` Hraparak.am