«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին Ազգային ժողովում կայացած քվեարկություններից մեկն ուշագրավ բացահայտումներ է անում: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանի քվեարկությունը բազմաթիվ հարցեր է առաջացել Հանրապետական խմբակցությունում: Բանն այն է, որ Աշոտյանի օգտին 98 պատգամավորից քվեարկել է ընդամենը 56-ը, դեմ՝ 36, իսկ անվավեր քվեաթերթիկները 2-ն են եղել: ՀՀԿ փոխնախագահն ամենաքիչ ձայնն է ստացել առաջադրված բոլոր թեկնածուներից, գումարած դրան այն հանգամանքը, որ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցություններից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 35 պատգամավոր, ու եթե նրանք դեմ են քվեարկել, ապա 1 «դեմ» եւ երկու անվավեր («դեմ» քվեարկված) քվեաթերթիկները քվեարկվել են կամ ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի պատգամավորները:

«Ծառուկյան» խմբակցության մեր աղբյուրները փոխանցում են, որ քվեարկությունից առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից հրահանգ է եղել. «Ում ուզում եք քվեարկեք, բայց Աշոտյանին՝ բոլորդ դեմ»: Քվեարկության արդյունքները վառ արտահայտում են հրահանգի իրականացումը, սակայն եղել են որոշ ԲՀԿ-ականներ, որոնք շատ են ոգեւորվել Ծառուկյանի հրահանգն իրականացնելուց եւ որոշել են անարգանքի սյունին գամել կրթության եւ գիտության նախկին նախարարին: Երկու անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա, որը քվեարկված է եղել «դեմ», ունեցել է նաեւ գրառում. «Աշոտյան Ս…»:

Գագիկ Ծառուկյան-Արմեն Աշոտյան տարաձայնությունները սկիզբ են առել 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն է արգելել գործընկերներին օգտագործել «Դոդի Գագո» անվանումը: Սարգսյանի այդ ելույթից հետո Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը շտապեցին Գագիկ Ծառուկյանի անվանումը հոլովել «Դոդի Գագո» ձեւակերպմամբ:

Մեծ քաղաքականություն վերադառնալու առաջին օրերին ԲՀԿ նախագահը Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտի տարածքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադառնալով Արմեն Աշոտյանի վարքին՝ ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը ներողամիտ է: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը հերիք չի, որ ներողամիտ չի, մի հատ էլ՝ հիշաչար է: Այս քվեարկությունը դրա վառ ապացույցն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում