ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՊԱՅՔԱՐՈՒՄ» ՊՈԼԻԷԹԻԼԵՆԻ ԴԵՄ
Երեկոյան գնացի խանութ։ Գնեցի մի քանի հատ վարունգ, գազար, մի հատ բազուկ, սոխ, մի քիչ միրգ, մի բուռ գետնանուշ, ձու, տոստի հաց, լավաշ։ Ամեն ինչը` բարակ պոլիէթիլենային պարկերի մեջ։ Այլ տարբերակ ուղղակի չկա։ Սրան էլ գումարենք մեքենայի համար պլաստիկ շշի մեջ լցված ջուր։ Այս ամենը ճխտեցին երկու հատ «հաստ» պոլիէթիլենային տոպրակի մեջ, որոնք բավարարում են կառավարության նոր նորմատիվային պահանջներին, գանձեցին լրացուցիչ 90 դրամ ու 16 հատ ցելոֆանի տոպրակ (14 փոքր բարակ ու 2 հատ հաստ) տվեցին ինձ։ ՀՀ կառավարություն, այսպե՞ս եք «պայքարում» ցելոֆանի դեմ։ Պակասե՞ց դրա շրջանառությունը։ Սա ի՞նչ աչքակապություն է։ Ամեն տեղ պոլիէթիլեն է, ուղղակի հիմա դրա համար 45-50 դրամ ենք վճարում։ Ո՞վ է դրանից շահում։ Պոլիէթիլենի տոպրակ արտադրողները և վաճառողները։ Իսկ միգուցե հենց այստե՞ղ է թաղված շան գլուխը։ Մի քանի բիզնեսմեն գերշահույթ են ապահովում ժողովուրդին քամելով, իսկ կառավարությունն այս թալանն արդարացնում է գեղեցիկ խոսքերով»: