Բրիտանական «The Guardian» օրաթերթը անդրադարձ է կատարել տարվա երաժշտական գլխավոր իրադարձություններից մեկին՝ «Եվրատեսիլ-2015»-ին, կատարելով որոշ կանխատեսումներ:

«Մենք կփորձենք կանխատեսել, թե ով կգնա Կոնչիտա Վյուրսթի հետքերով որպես մրցույթի հաղթող»:

«The Guardian»-ը կարծում է, որ այս տարվա հաղթողը կլինի Հայաստանը: Ըստ նրա՝ կանխատեսման այս մոդելը հիմնված չէ երգերի որակի վրա, այլ այն վիճակագրության, թե անցած 12 տարիներին մասնակից երկրներից որը ինչ ձայներ է ստացել:

Այսպիսով, առանց ավելորդությունների, «The Guardian»-ը «Եվրատեսլի-2015»-ի հաղթող է կանխատեսում...

Հայաստանը:

Բրիտանական օրաթերթը նաև ներկայացնում է «Face the Shadow» երգը ու պատմում մեր երկիրը ներկայացնող «Genealogy» խմբի մասին: Աղբյուրը անդրադարձ է կատարում նաև երգի խորհրդին և ստեղծման պատմությանը:

Այս առիթով YerevanNews.am-ը կապ հաստատեց «Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնող մասնակից երգչուհի Եվա Ռիվասի հետ:

«Ես շատ ուրախ եմ...մեզ համար իսկապես պատիվ է, որ բրիտանական առաջատար ԶԼՄ-ներից մեկը նման գնահատկան է տվել մեր մասնակիցներին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Genealogy» խումբը դարձել է «Եվրատեսիլ-2015»-ի ֆավորիտներից մեկը: «Եվրատեսիլ»-ի յուրաքանչյուր մասնակցի համար էլ իր եկիրը ներկայցնելը պատասխանատու և հուզիչ առաջադրանք է: Իսկ այս դեպքում մեկ մասնակից չէ, այլ մի ամբողջ խումբ, որի մասնակիցները հավաքվել են աշխարհի տարբեր մասերից: Եվ, իհարկե, երգի բովանդակությունը հայերիս համար կարևորագույն և ցավալի թեմաներից է: 

Ես աշխատել եմ Արմեն Մարտիրոսյանի հետ և կարևորում եմ նրա ներդրումը Եվրոպայում հայկական մշակույթը ներկայացնելու գործում: Ես այն քչերից եմ, ովքեր ամենից լավ են հասկանում նրանց, քանի որ ոչ միայն ապրել և մեծացել եմ այլ եկրում, այլև ինքս էլ ներկայացրել եմ Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում: Շատ լավ հասկանում եմ, թե ինչպես են նրանք հուզվում, գիտեմ այն զգացումը, երբ ներկայացնում ես քո երկիրը:
Ես նրանց միայն հաջողություն կարող եմ մաղթել»: