Ամառվա վերջին ամիսը մոտենում է ավարտին, սակայն հանգստի թեժ օրերը դեռ շարունակվում են: Մենք արդեն իսկ ներկայացրել ենք մի քանի հայ հայտնիների հանգտի մասին տեղեկություններ: Այս անգամ YerevanNews.am-ը զրուցեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ, ում ուղղեցինք մեր հարցերը:
Լուսինե, սիրում եք արդյո՞ք ամառը և որտե՞ղ եք անցկացրել այս տարվա Ձեր հանգստյան օրերը:
- Ամառվա տապը նախընտրում եմ ձմեռվա ցրտից, սակայն հանգստանալու տարբերակներ չունեմ այս տարի, բազմաթիվ խնդիրների պատճառով։
Իսկ, առհասարակ, սիրում եք Հայաստանում հանգստանալ թե՞ նախընտրում եք արտերկիրը։
- Ինչպես որ ստացվում է։ Բնականաբար ես սիրում եմ ճանապարհորդել, դուրս գալ, նոր աշխարհներ բացահայտել, որովհետև Հայաստանում գրեթե չկա այդպիսի մի մետր, որը ես ինձ համար չեմ բացահայտել։ Երկուսն էլ սիրում եմ։
Հայաստանում որքանո՞վ է մատչելի հանգիստը։
- Ինձ մատչելի չէ և դրա համար այս տարի չեմ հանգստանում։
Լուսինե, իսկ ինչպես եք վերաբերում այն հայերին, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայի տարածքում:
- Շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետև չի կարելի մարդու վրա ճնշում գործադրել։ Երկրորդն էլ կան շատ տարբեր հարցեր․ դու եթե այն մարդը չես, ով նախընտրում է այնտեղ հանգստանալ, դու չգիտես այդ մարդն ինչից ելնելով է դա անում, կամ ինչ մտածելակերպ ունի, ինչ գիտակցություն ունի։ Ինձ համար աբսուրդ է հայրենասիրությունը խառնել ամառային հանգստի հետ կամ մտածել, որ գնում ենք թուրքերին հարստացնելու, որովհետև 1,5 միլիոն հայերը, եթե 1,5-ն էլ միանգամից գնան այնտեղ, դա մի կաթիլ է ընդամենը ծովում։ Դուք այնտեղ տուրիստների քանակությունը չեք պատկերացնում:
Խառնել այդ ամեն ինչը իրար, իմաստ չեմ գտնում։ Շատ տարբեր մոտեցումներ կան։ Ինքս չեմ հանգստացել այնտեղ երբեք, չեմ գնացել, բայց երբեք ինձ թույլ չեմ տա, որևիցե մեկին վիրավորել նրա համար, որ իր երեխաներին տանում է ծով, որովհետև դրա անհրաժեշտությունը կա ու մատչելի է եղել այդ տարբերակը։
Հնարավոր է երբևիցե Դուք էլ ձեր հանգիստն անցկացնեք Թուրքիայի տարածքում։
- Չեմ կարող ասել։ Ես երբեք չգիտեմ վաղը ինչ կանեմ կամ ինչպես կմտածեմ որևէ հարցի շուրջ։ Համենայն դեպս, եթե ես ինչ-որ բան որոշեմ, դա որևիցէ մեկին չի վերաբերում ու դա ամենամեծ հիմարությունն է, եթե ինչ-որ մեկը կարող է դրա համար կասկածել իմ հայրենասիրությանը։ Ու էլի եմ ասում՝ երբևիցէ չեմ հանգստացել այնտեղ, բայց երբևիցէ թույլ չեմ տա ինձ որևիցե մեկին դրա համար վիրավորել կամ կասկածել նրա հայրենասիրությանը։ Պետք է մի քիչ ավելի լայն մտածել․․․
Եվ վերջում, Լուսինե, խնդրում եմ, նշե՛ք Ձեր ամենասիրելի վայրը, որտեղ անցկացրել եք ձեր ամենատպավորիչ հանգիստը։
- Այս երկրագնդի վրա ես ունեմ մի սիրելի վայր. դա Հռոմ քաղաքն է, որտեղ ցանկացած հնարավորության դեպքում միշտ ուզում եմ վերադառնալ։