«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգը պատրաստ է. մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 6-ին. տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) այս տարի կներկայացնի ռոքնռոլ ժանրի երգ, որը թարմություն է և նորություն մրցույթի հայաստանյան մասնակցության պատմության մեջ: Երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաև հիշեցում ժպիտի աներևակայելի ուժի և կարևորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն: Երգը կկրի «LOVE/Լավ» խորագիրը: Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
Մրցույթի այս տարվա հայաստանյան պատվիրակ Միկան անհամբերությամբ սպասում է, թե երբ հնարավորություն կունենա երգը ներկայացնելու մարդկանց և լսելու նրանց կարծիքները: «Ես չափազանց գոհ եմ ստացված արդյունքից, քանի որ այն իսկն ինձ համար է: Զգացողություններս այնքան շատ են, քանի որ երգը ռիթմիկ է, ինչպես ես ցանկանում էի, ինչպես նաև լիքն է էմոցիաներով՝ իմ էմոցիաներով»,- նշում է Միկան՝ հավելելով, որ ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, երբ այն մարդիկ, ովքեր կլսեն երգը, ստանան նույն զգացողությունները, ինչ ինքը:
Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ երգի ստեղծման հարցում իրեն տրամադրել է Միկան՝ իր վառ կերպարով, շարժվելու ձևով և հենց իրենից է եկել ռոքնռոլի գաղափարը: «Երգը հենց Միկային համապատասխան է, կարծես իր մասին լինի: Երբ առաջին անգամ կատարեց երգը, շատ ուրախացա, նա բոլորովին նոր կոնտեքստում բացվեց իմ առջև»,- ասաց Լիլիթը՝ հավելելով, որ Միկայի, իր և Ավետի խմբակային աշխատանքը գոհացուցիչ է ստացվել:
Խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը խոստովանում է, որ այս անգամ երաժշտության հնչողությանն ու կառուցվածքին համարժեք տեքստ գրելը բավական դժվարությամբ է ստացվել: «Երգն այս անգամ հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար, լավ տրամադրության և հետաքրքիր էներգետիկ վիճակների համախմբում: Վստահ եմ, որ երգում երևալու է Միկայի շնորհալիության ողջ գամման՝ և՛ ձայնային, և՛ պարային: Այն ստեղծված է Love/լավ երկակի բառախաղի հիման վրա»:
«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 15–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա: