Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, մայրաքաղաքի ու մարզերի մի շարք դպրոցներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Շատերն այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց, ոմանք այս տարի ավարտելու են, իսկ ոմանք էլ վաղուց ավարտել են եւ ջերմ հուշեր են դարձրել իրենց դպրոցական տարիները:
NEWS.am STYLE-ը զրուցել է հայկական շոու-բիզնեսի դպրոցական եւ վաղուց ավարտած հայտնիներից երեքի՝ Ջուսի, Լենա Ղազարյանի եւ Աննա Սարգսյանի հետ: Ի դեպ, մեր հարցերին պատասխասնելուց բացի՝ նրանք մեզ են տրամադրել իրենց սիրելի դպրոցական լուսանկարները:
Այսպիսով՝ Ջուսը սովորել է Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ռուսական դպրոցում:
«1980-ականների վերջին ընդունվեցի դպրոց: Շատ էի սիրում դպրոցը, քանի որ մի շարք խենթություններ էինք անում համադասարանցիներիս հետ միասին: Հաճույքով էի գնում դասերի. դպրոցն ինձ համար մի մեծ արկած էր, եւ այնտեղ ամեն օրը տարբեր էր»,-ասում է նա՝ առանձնացնելով նաեւ դպրոցում իր սիրելի առարկաները.
«Շատ էի սիրում ֆիզկուլտուրան, նկարչությունը, բնագիտությունը եւ անատոմիան: Չսիրածս առարկաներն էին՝ մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան եւ աշխարհագրությունը»:
Ինչ վերաբերում է համադասարանցիների հետ շփմանը՝ երգչուհին նշում է.
«Մտերմությունս շարունակում եմ իմ շատ մոտ ընկերուհու՝ Էլեոնորա Բենկլյանի հետ: Հիմա նա ապրում է Իսրայելում: Ժամանակ առ ժամանակ նամակագրությամբ շփվում ենք»:
Ինչպես շատերը՝ Ջուսը եւս կարոտում է հարազատ դարձած դպրոցը. «Դպրոցի հետ կապված ամենաշատը կարոտում եմ շփումն ու իմ բոլոր խենթությունները»,-ասում է նա:
Երգչուհի Լենա Ղազարյանը սովորել է Ներսիսյան վարժարանում:
«Շատ եմ սիրել դպրոցը, դասերը, ու հիմա անկեղծ պետք է ասեմ, որ անչափ կարոտել եմ այդ տարիները»,-ասում է նա:
Սիրած առարկաների մեջ Լենան առանձնացրեց մաթեմատիկան՝ հավելելով. «Բացարձակ չէի սիրում ֆիզիկան»:
Երգչուհին ասում է՝ հիմա էլ կապը դասարանցիների հետ պահում է, իսկ դպրոցական տարիներից հատկապես կարոտում է իր խենթություններն ու անհոգ շրջանը:
Ի տարբերություն Ջուսի եւ Լենայի՝ «Որբերը», «Վերջին հայրիկը» եւ «Երանի» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Աննա Սարգսյանը դեռեւս աշակերտուհի է: Աննան սովորում է Երեւանի թիվ 87 դպրոցի 11-րդ դասարանում:
«Շատ եմ սիրում դպրոցը, միշտ հաճույքով եմ հաճախում դասերի: Սովորել սիրում եմ, հատկապես կառանձնացնեմ հայոց լեզու եւ պատմություն առարկաները, սակայն տանել չեմ կարողանում կենսաբանությունն ու քիմիան»,-խոստովանում է դերասանուհին՝ նշելով, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ է ավարտելու դպրոցը, բայց նաեւ հավելում է՝ «Շատ կկարոտեմ դպրոցական խենթություններս»: