Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է ավարտված մրցաշրջանը և Միլանի «Ինտերին» շնորհավորել չեմպիոնության առթիվ:

«Ցանկացած թոփ ֆուտբոլիստի կյանքն ու կարիերան կազմված է վերելքներից ու վայրէջքներից: Ամեն տարի մենք հանդիպում ենք ֆանտաստիկ թիմերի ու հզոր ֆուտբոլիստների, որոնք ունեն մեծ ամբիցիաներ: Այդ պատճառով միշտ պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի մնանք բարձունքում:


Այս տարի չկարողացանք հաղթել A Սերիայում, շնորհավորում ենք «Ինտերին» արժանիորեն տիտղոս նվաճելու առթիվ: Իտալիայի Սուպերգավաթն ու գավաթը և A Սերիայի լավագույն ռմբարկուի մրցանակն ուրախության առիթներ են տալիս ինձ: Այդ նվաճումների շնորհիվ ես հասա այն նպատակներին, որոնք իմ առջև դրել էի Իտալիա ժամանելու առաջին օրվանից՝ հաղթել առաջնությունում, գավաթի խաղարկությունում, Սուպերգավաթում, դառնալ լավագույն խաղացող ու ռմբարկու այս հրաշալի ֆուտբոլային երկրում:

Շնորհակալություն բոլորին, ովքեր մասնակցեցին այս ուղևորությունը»,- Ինստագրամում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 36 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Իտալիայի ավարտված առաջնությունում նա լավագույն ռմբարկուի մրցանակին արժանացել էր 29 գոլով (33 խաղում):

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ամռանը Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից»:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano)