Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Նիդեռլանդների հավաքականի խաղացող Ֆրենկի դե Յոնգին, սակայն կքննարկի 100 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է ESPN-ը։

25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ֆուտբոլիստին խոստացել է մշտական տեղ մեկնարկային կազմում եւ առանցքային դերակատարում։ Տեն Հագն ու Դե Յոնգը համատեղ աշխատանքի փորձ ունեն Ամստերդամի «Այաքսից»։

«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Յոնգի տրանսֆերի համար կատալոնական ակումբին առաջարկել է 60-80 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Դե Յոնգը իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։