«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման 2015թ. մրցույթին։  «Յունիգրաֆ իքսը» 8 տարի բարեխղճորեն աշխատել է հանուն երևանցիների անվտանգության և բարեկեցության։ Մեր գործունեության, հսկայական ներդրումների, պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքի արդյունքում մայրաքաղաքում էապես նվազել է թափառող կենդանիների քանակը։ Երևանում թափառող կենդանիների թվի առումով երբևէ չի եղել նման բարենպաստ, վերահսկելի իրավիճակ։ Այս հաղորդագրությունը օրեր առաջ տարածել էր ընկերության մամլո ծառայությունը: 

Հաղորդագրության մի մասը թերևս համապատասխանում է իրականությանը, սակայն թե ինչ կերպ են իրականացվել թափառող շների վնասազերծման աշխատանքները կասկածելի է: Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ հանդես եկան ի պաշտպանություն կենդանիների: Նույնիսկ քաղաքացիներից մի քանիսը մեղադրեցին ընկերությանը իրենց շների վրա փողոցում կրակելու մեջ: 

Այս առիթով հրավիրված ասուլիսին, ոչ միայն չեն մասնակցել թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչները, այլև անգամ պատճառ չեն նշել չմասնակցելու: YerevanNews.am-ին ընկերության մամլո քարտուղարը հայտարարեց, որ դա իրենց ցանկությունն է. «Դա մեր իրավունքն է, կցանկանանք՝ կմասնակցենք, ոչ՝ չենք մասնակցի: Եվ ոչ մեկ չի կարող մեզ ինչ-որ բաներ ստիպել»:

Այն հարցին, թե ինչու չի մասնակցելու այս տարվա հայտարարված մրցույթին Լիլիթ Գրիգորյանը պատասխանեց. «Դուք հասա՞ք ձեր ուզածին: Մեր ընկերությունը մյուս տարի չի մասնակցելու քաղաքատպետարանի հայտարարված մրցույթին: Դա արդեն մեր խնդիրն է, կուզենանք՝ կմասնակցենք, չենք ուզենա՝ չենք մասնակցի»: