Հունիսի 23-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել Իրանի Իսլամական Հանրապետության 5 քաղաքացի (11-13 տարեկան երեխաներ): Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապ օգնության ծառայության միջոցով: Նույն օրն առավոտյան բոլոր երեխաների մոտ եղել է սրտխառնոց, փսխում, այնուհետև` լուծ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիվանդանոց ընդունվելու պահին երեխաների վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Վարակաբանի կողմից նախնական ախտորոշվել է սուր գաստրոէնտերիտ: Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, ներկայումս նրանց վիճակը բավարար է:

Պարզվել է, որ հունիսի 22-ի առավոտյան զբոսաշրջության նպատակով Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Գորգան քաղաքի շուրջ 50 քաղաքացի, որոնց մեծ մասը մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են` 11-13 տարեկան երեխաներ` ծնողների և մարզիչների ուղեկցությամբ: Խմբի 15 անդամ (5 մեծահասակ և 10 երեխա) վարձակալել է մասնավոր առանձնատուն։ Հիվանդանոց հոսպիտալացված 5 երեխան բնակվում է այդ տանը: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ նրանք հոսպիտալացման նախորդ երեկոյան տանն ընթրելիս կերել են Իրանից իրենց հետ բերված ձկան պահածո: Խմբի մյուս երեխաներն ու մեծահասակներն ընթրիքին բրինձ են կերել։ Նրանցից որևէ մեկը որևէ գանգատ չի նշում, բոլորն առողջ են:

Վարձակալված առանձնատանն ապրող երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների հետ տարվել է բացատրական աշխատանք շոգ եղանակին սննդամթերքի ճիշտ պահպանման, մրգերի և բանջարեղենի պատշաճ լվացման, աղիքային վարակների, սննդային թունավորումների և այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում նաև մեր բնակիչներին հետևել սանիտարահիգիենիկ նորմերին և զգուշանալ սննդային թունավորումներից։