Արցախում հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած 18-ամյա Հրաչ Ավետիսյանը Երեւանի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում Հրաչի հարազատներից մեկը նշեց, որ առողջական խնդիրների պատճառով նա ուշ էր զորակոչվել բանակ՝ 3 ամիս առաջ: Հրաչն Արցախ ծառայության էր մեկնել կրտսեր եղբոր հետ, ծառայել են նույն զորամասում: Դեպքի օրը նրա եղբայրը դիրքերում է եղել, վերադառնալով զորամաս՝ նրան հայտնել են եղբոր մահվան լուրը:

Բարեկամի խոսքով, Հրաչը սրտի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել, նրա ծնողները պայքարել են, որպեսզի իրենց որդուն բանակ չտանեն, սակայն, անօգուտ: Վերջերս էլ նրա առողջական վիճակը վատացել է եւ երկու օրից նրան պետք է տեղափոխեին Երեւան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Հրաչը ընտանիքի ավագ որդին էր, ունի քույր եւ եղբայր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը եւ 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: