«Բոլոր գերատեսչություններն աշխատում են պարգևավճարների հաշվին, մենք ուզում ենք մեկ քայլ առաջ անել և գնալ ավելի պարզ, բաց, թափանցիկ ճանպարհով և այն ինչ կոչվում է աշխատավարձ՝ պլյուս պարգևավճար, բերել միայն աշխատավարձի դաշտ: Այս աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է միայն այդ պարգևավճարների գումարի մեջ, պարգևավճարները վերածվելու են աշխատավարձերի»,- այսօր ավագանու նիստի մեկնարկին՝ պարզաբանելով աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ այդ նախագծի հետ կապված դրական կողմերը բազմաթիվ են:

«Դրանցից մեկն այն է, որ մենք կարող ենք հանգիստ սկսել լավ կադրերի հավաքագրումը: Քանի որ մենք խոսում ենք պրոֆեսիոնալ կադրերի մասին, ուստի այստեղ աշխատանքի անցնելու համար, նրանք ֆիքսում են պարգևավճարները և մերժում են միայն աշխատավարձով անցնել մեզ մոտ աշխատանքի»,- շարունակեց Մարությանը:

«Ես 6 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ և այս տարիքում արդեն ապահովված մարդ եմ: Այստեղ եմ մեր հեղափոխության սկզբունքները պահելու համար, գումարային հարց երբևէ չի քննարկվել, դա ինձ համար 100-երորդական է: Բացի այդ՝ ես ասել էի, որ իմ աշխատավարձը չպետք է բարձրանա, բայց աշխատողներինը՝ բարձրանա. նախագծում այդպես է:

Ես մաքուր ստանում եմ 400 հազար, բարձրանալու դեպքում՝ կդառնա 800 հազար: Մենք որոշեցինք, որ այդ 400 հազար դրամը կտրամադրվի որևէ բարեգործական կազմակերպության խնդիրներին համար: Այսինքն՝ իմ գումարը մնալու է նույն 400 հազար դրամը»,- անկեղծացավ քաղաքապետը:

«Ես չգիտեմ՝ մեր ընդդիմադիր գործընկերների մեջ ի՞նչ քննարկումներ են եղել, բայց մեր ֆրակցիայում եղել է: Մենք գտնում ենք, որ մեր ապարատում պետք է բարձրանան աշխատավարձերը, ինչը թույլ կտա մրցունակ լիենել սեփական սեկտորի հետ և ապահովել պետական համակարգում աշխատողների արժանավայել կյանքը: Եթե անգամ նախագիծն անցնի, ինձ պետք է լայն կոնսենսուս, որ բոլորը համոզվեն դրանում: Դրա համար այս պահին այս հարցը օրակարգից հանում եմ»,- հայտարարեց Հայկ Մարությանը, ինչն ընդունվեց բուռն ծափահարություններով:

Հիշեցնենք, ըստ նախագծի նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը շուրջ 30%-ով բարձրացնել: