Օրեր առաջ Հանրային խորհուրդ էին դիմել Երևանի Դեղատան 4 շենքի բնակիչները՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները: Այս մասին ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ.

«Դիմումի մեջ նշվում էր, որ իրենց շենքն ունի ընդհանուր պատ Դեղատան 2 հասցեի հետ, որտեղ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Գյուղբանկի շենքն է, և այնտեղ իրականացվող ապօրինի շինարարությունն անհանգստություն է պատճառում իրենց:

Բնակիչները նաև նշել էին, որ շինարարությունն ապօրինի է, չկա հաստատված նախագիծ, իսկ իրենք հայտնվել են աղմուկի, փոշու և ծանրաքարշ մեքենաների մուտքուելքի մեջ:

Բնակիչներն անհանգստացնում էր նաև այն, թե արդյո՞ք ռիսկի չեն ենթարկվում իրենց շենքի հիմքերը և արդյո՞ք այդ հատվածում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բարձրահարկ շենքի կառուցումը չի խլի իրենց արևի լույսը:

Դիմումը նախ քննարկվեց Հանրային խորհրդի Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում, իսկ սեպտեմբերի 18-ին ենթահանձնաժողովի մի խումբ անդամներ՝ Լևոն Ներսիսյանը (ճարտարապետ), Աշոտ Մանուչարյանը (պատմաբան), Վահան Տեր-Ղազարյանը (հնագետ, գրող, հրապարակախոս), Իրինա Գալստյանը (իրավագետ), ինչպես նաև հրավիրյալ Տարոն Մարգարյանը (սեյսմիկ շինարարության մասնագետ, կոնստրուկտոր) ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի գլխավորությամբ այցելեցին Դեղատան 2 հասցե և հանդիպեցին բնակիչների հետ:

Ստեղծված իրավիճակը քննարկելու ժամանակ նշված հասցե այցելեց նաև Գյուղբանկի տարածքի ներկայիս սեփականատեր «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեթյանը: Բնակիչներն ու ՀԽ ներկայացուցիչները սեփականատիրոջ ներկայացուցչի մոտ բարձրացրին իրենց հուզող խնդիրները: Ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ իրենց կողմից իրականացվող բոլոր քայլերն օրենքին համապատասխան են ընթանում: Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին տարածքում կատարվում են քանդման և մաքրման աշխատանքներ, որից հետո պետք է սկսվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման գործընթացը՝ նշելով, որ պատմամշակութային հուշարձաններն ամրացվելու են, իսկ արտաքին տեսքն ամբողջությամբ պահպանվելու է:

Այնուհետև ՀԽ Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի պահանջով ՀԽ ներկայացուցիչները Արտաշես Կազախեթյանի ուղեկցությամբ մուտք գործեցին շինհրապարակ: Տեղում ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ ՀԽ ներկայացուցիչները մի շարք հարցեր բարձրացրեցրին՝ մասնավորապես կապված պատմամշակութային հուշարձան համարվող շենքերի պահպանման, կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի հետ դրանց ներդաշնակեցման և այլ հարցերի վերաբերյալ:

ՀԽ ներկայացուցիչներն այցից հետո որոշեցին բնակիչների դիմումում բարձրացված հարցերի և այցի արդյունքում ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համապատասխան գրություններ ուղղել պատկան մարմիններին և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր ու պարզաբանումներ, որից հետո Հանրային խորհուրդ հրավիրել բնակիչներին, ինչպես նաև «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեթյանին, որն իր հերթին կներկայացնի շինարարական աշխատանքների օրինականության վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ու բնակիչների հետ ընդհանուր հայտարարի կգա բարձրացված հարցերի շուրջ»:

 

Լուսանկարը` aysor.am