Երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանը խոստացել է, որ մինչև դեկտեմբերի 25-ը ավարտել Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին գրում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Դեկտեմբերի 19-ին ժամը 17.30-ին գնացի տեղում համոզվելու աշխատանքների ընթացքի ավարտի մասին, սակայն ոչ մի աշխատող չկար, դարպասը փակ էր կողպեքով: Դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10.00-ին կրկին մանկապարտեզում էի, վերջապես հաջողվեց տեղում տեսնել որոշ բանվորների և պահակին: Երբ այս ամենի մասին խոսեցի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ և պայմանավորվեցինք հանդիպել դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10-ին, զարմանալիորեն բազմամարդ էր մանկապարտեզի տարածքը, «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ից ներկա էր Արթուրը, մանկապարտեզի նոր տնօրենը, իհարկե վարչական շրջանի ղեկավարն իր շքախմբով:

Նշեմ, որ տարիներ չգործող մանկապարտեզը ս.թ. հոկտեմբերի 17-ից ունի նոր տնօրեն` Էդիտա Բեգլարյան, շատ երիտասարդ, ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, սակայն չունի մանկավարժական ստաժ: Չգործող մանկապարտեզի տնօրենի փոփոխությունն ինչով է պայմանավորված, կարելի է միայն ենթադրել: Նա պարտավոր էր սրտացավորեն հետևել հիմնանորոգման ընթացքին, կանգնել բանվորների գլխին և վերահսկել աշխատանքների որակին, այնինչ ականատես եղա, թե ինչպես մանկապարտեզի երկու դաշնամուրներն անտեր, մերկորեն կանգնած էին փոշու ու ցեխի մեջ:

Այսօրվա այցելության ժամանակ դաշնամուրներից մեկն էր առկա և արդեն փաթաթված էր, շինարարությունն էլ կարծես թափ էր առել, սակայն դեկտեմբերի 25-ին խոստացված ավարտը վտանգված է, նամանավանդ ձեռքիս տակ է շինարարական աշխատանքների ամբողջ ծավալի վերաբերյալ պայմանագիրը, որի համապատասխանությունն իրականացված աշխատանքներին կերևա վերջում: Իմ խորին համոզմամբ պարոն Սադոյանն էլ կամ ընդհանրապես չէր եղել տեղում կամ շա՜տ վաղուց էր եղել:

Ես գիտեի, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանն ընդհանրապես իր տեղում չէ, բայց որ քաղաքապետին հրապարակավ կտա մի խոստում, որն ակնհայտորեն դեկտեմբերի 25-ին չի իրականանալու, չէի պատկերացնում: Ինչ վերաբերվում է «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ին, որը շահել է մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը, խախտելով բոլոր ժամկետները, ակնհայտորեն անորակ գործ են անում, տեղյակ չեն մանկապարտեզների ներքին հարդարման պայմաններին ներկայացվող սանիտարական նորմերին, բանվորներին ժամանակին չեն ապահովում շինանյութերով և ինչպես խոստացավ Երևանի քաղաքապետը, պետք է հայտնվեն ֆինանսների նախարարության սև ցուցակում: Խղճի նշույլ չունեն այդ մարդիկ, ովքեր նաև «Հով-Գրիգ Շին» ՍՊԸ-ի տերերն են ու նույն վիճակում է թ.106 մանկապարտեզի վերանորոգման ընթացքը»: