Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են «Լեքսուս» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, կան հոսպիտալացված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 13 SՕ 297 պ/հ (վարորդ՝ 51-ամյա Արթուր Գ.), «Mercedes C-180» մակնիշի 35 FG 577 պ/հ (վարորդ՝ 39-ամյա Էդվարդ Ղ.) եւ «Lexus Jeep» մակնիշի 07 TO 777 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Lexus Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, հարվածել ծառին եւ բախվել Էրեբունի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Ալթեյ» դեղատանը՝ վրաերթի ենթարկելով մայթեզրին կանգնած 20-ամյա Թելման Բ.-ին:

«Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վրաերթի ենթարկված քաղաքացին հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են ծանր, իսկ քաղաքացունը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Lexus Jeep» եւ «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Mercedes-ի վարորդ Էդուարդ Ղ.-ն եւ Lexus-ի ուղևոր, 210ամյա Թելման Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Էդուարդ Ղ.-ն եղել է անգիտակից վիճակում: Ժամը 03:15-ի սահմաններում նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանամունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Lexus-ի մեջ հայտնաբերվեց 07 TO 777 համարանիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, 40-ամյա Արտեմ Ա.-ի եւ 18-ամյա Ռոբերտ Ա.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայականներ: Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Ռոբերտ Ա-ին, իսկ նրա հայրը աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ:

Ռոբերտ Ա.-ն վարորդական իրավունքի վկայականը ստացել է 3 օր առաջ՝ իր ծննդյան օրով: