Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մանդատը վայր դնելու որոշման մասին:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ-որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի տարվա ընթացքում փորձեցի անել հնարավորը, մեր քաղաքին օգուտ տալու համար։ Հուսով եմ՝ ինձանից գոհ եք:

Վստահ եմ, իմ գործընկերները դեռ շատ կաշխատեն ի օգուտ մեր քաղաքի և քաղաքացիների։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով այսուհետ կլինեմ նրա տեղակալը և կփորձեմ օգտակար լինել տվյալ շրջանին այն ամենով, ինչը կախված կլինի իմ անձից։ Հարգանքներս բոլորիդ, սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա: