«Մեքենան, ինչի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության), չգիտեմ, թե երբ է ձեռք բերվել, չեմ հետաքրքրվել՝ նոր է, թե հին, ես մեքենա չեմ ընտրել, ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր՝ անվտանգության նկատառումներից ելնելով»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը՝ արձագանքելով արդեն քանի օր չդադարող աղմուկին այն մասին, որ կառավարության միջոցներով նրա համար նոր, թանկարժեք մեքենա է գնվել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Վստահ եմ՝ գրեթե բոլորը գիտեն, թե որն է իրականություն, որը՝ սուտ քարոզչություն: Ես ապրում եմ պարզ, սովորական մարդկային կյանքով, և հենց դա է պատճառը, որ իրենք ավելի են վրդովվում, ինչն էլ կրկնապատկում է նրանց ցանկությունն ու ջանքը մեզ նույնականացնել իրենց հետ: Մեքենան, ինչի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության), չգիտեմ, թե երբ է ձեռք բերվել, չեմ հետաքրքրվել՝ նոր է, թե հին: Ես մեքենա չեմ ընտրել, ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելին՝ այս փոփոխություններն ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը:
Որոշ մարդկանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալի: Սոցիալական ցանցերում կոնկրետ արշավներ են անցկացվում՝ այդ երազանքն իրականացնելու համար, աշխատում են գրաֆիկ դիզայներների, SMM-ի և ֆոտոշոփի մասնագետների մեծ խմբեր, օգտագործվում են սոցիալական ցանցերի տարբեր գործիքներ (sponsored, ad և այլն) և, իհարկե, ծախսվում են հազարավոր դոլարներ՝ տարբեր լրատվական կայքերի միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու համար:
Իսկ լրատվական կայքերը, որոնք ունեն հստակ առաջադրանք՝ քարոզչություն տանելու և մեր մասին թյուր տպավորություն ստեղծելու, ստեղծագործական և աշխատանքային իմաստով ճգնաժամի մեջ են: Ինձ գաղտնի նկարում են մեքենայից իջնելիս և աշխատանքի գնալիս (որը, ես իմիջիայլոց, անում եմ արդեն 1,5 տարի), նյութի մեջ դնում սուտ տեղեկատվություն, համարում՝ իրենց առաջադրանքը կատարված: Առաջարկում եմ այդ գումարներն ու ռեսուրսները ներդնել ավելի օգտակար գործի մեջ, քանի որ ձեր առաջադրանքը՝ մեզ ներկայացնել սխալ լույսի ներքո, երբեք էլ իրականություն չի դառնալու»: