Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Վազգեն Սարգսյանի համալսարանը ձեւավորվել է այն ժամանակաշրջանում, երբ Հայոց բանակը գտնվելով կազմավորման փուլում, ՀՀ բանակը, Արցախի պաշտպանության բանակը լինելով կազմավորման փուլում, միաժամանակ վայելելով իր փառքը արցախյան ազատամարտում տարած հաղթանակի առիթով, եւ այս համալսարանը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա:

Այս շինությունը պիտի որպես հայոց պետականության, որպես հայ ժողովրդի ողնաշար ամրանա, կառուցվի, ամուր կանգնի հայ ժողովրդի, ՀՀ-ի Արցախի պաշտպանության դիրքերում:

Մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ, հայտնի է ուժային ասպեկտը, հոգեբանական ասպեկտը, բայց ես ուզում են ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել եւ շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը: Թույլ տվեք ասել, որ մարդկության խպատմության առաջին օրերից մինչ օրս հենց անվտանգության կարիքներն են քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը: Այսօր բազմաթիվ տեխնոլոգիական նորամուծություններ, որ օգտագործվում են կենցաղում: ի սկզբանե ստեղծվել են որպես ռազմական գործիք:

Մեր բանակը տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ է թեւակոխել: Ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր զինված ուժերի զարգացման կարեւորագույն առանձնահատկություններից մեկը:

Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը: Սա է մեր խնդիրը, որ մենք առաջադրում ենք եւ իրար հետ պետք է լուծենք:

Այսօր ցանկացած ոլորտում մարդիկ օգտագործում են այնպիսի բառեր, ինչպիսիք են մարտավարությունը, ռազմավարությունը, դիրքորոշումը, թիրախը: Դա մենք օգտագործում ենք ամեն օր, հետեւաբար ռազմական կրթության այս ասպեկտը պետք է ընդգծվի ավելի ու ավելի ուժեղ:

Մեր ռազմական հաստատությունները մեր կրթական համակարգում պետք է տանող ուժի դերակատարում ունենան:

Ուզում եմ ընդգծել զինված ուժերում, կուրսանտ շրջանավարտների շրջանում կանանց ներկայությունը: Ավելի քան մեկ տասնյակ տարի կանայք ուսում են ստացել այս համալսարանում եւ այժմ ժառայում են զինված ուժերում: Այսօր էլ ես այստեղ տեսնում եմ կանանց եւ սա ողջունելի գործընթաց է:

Ես մեր բանակին մաղթում եմ նորանոր հաղթանակներ, այնպիսի հաղթանակներ, որով արժանի կլինենք արցախյան հերոսամարտի նահատակներին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: