«Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, ձերբակալվել է  Շենգավիթի ոստիկանության մայոր, ավագ տեսուչ Բակուր Ավետիքյանը։ Նա կասկածվում է կաշառք պահանջելու և քաղաքացու նկատմամբ ոստիկանության բաժանմունքում բռնություն գործադրելու մեջ։   Ոստիկանության մայոր Բ.Ավետիքյանը, ով աշխատում է Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես ավագ տեսուչ, սեփականատիրոջից պահանջել է դադարեցնել սեփական հողամասի թիթեղով ծածկված ցանկապատը քարե պատով փոխարինելու շինարարությունը՝ պատճառաբանելով, որ նա չունի շինթույլտվություն։ Ապա՝ նախազգուշացրել, որ վարչական իրավախախտման ակտ կգրի եւ կտուգանի 400.000 դրամով։   Մեր ունեցած տեղեկություններով, վարչական պատասխանատվության չենթարկելու համար հողամասի սեփականատիրոջ հարեւանը հյուրասիրություն է կազմակերպել եւ «պատիվ տվել» տեսուչ Ավետիքյանին։ Սակայն հյուրասիրությունից հետո նույն օրը՝ երեկոյան, մայորն իր աշխատասենյակում նաեւ գումար է պահանջել՝ վարչական իրավախախտումը չարձանագրելու համար։  Արդյունքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի եւ հենց ոստիկանության բաժնում  տեսուչը, ըստ հավաստի տեղեկությունների, ծեծի ղ ենթարկել այն մարդուն, ում հյուրասիրությունից ժամեր առաջ օգտվում էր գարեջրատանը։     «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ տեսուչը ձերբակալվել է հուլիսի 11-ին եւ արդեն տվել է  խոստովանական ցուցմունքներ։