Նոր ուղղությունների համար օդի տուրք չի լինելու: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: Նրա խոսքով՝ սա շատ մեծ դեր ունի հայաստանյան ավիացիայի շուկայում, եւ եթե մինչ այսօր ունեցել ենք դեպի Եվրոպա 6-7 ուղղություն, ապա այս փոփոխությունից հետո ունենալու ենք 16-17:
Խոսելով լոուքոսթերների մասին՝ Ռեւազյանն ասաց, որ բոլոր ավիատոմսերը չեն 30 եվրո, լոուքոստ չի նշանակում՝ էժան գին, այլ այն, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, ինչի հետեւանքով ավիատոմսերի գները նվազում են:
«Եթե հնարավոր լինի գնել 30 եվրոյով տոմս, պետք է լինել ուշադիր, որովհետեւ դա նշանակում է, որ կարող եք վերցնել շատ փոքր բեռ, որը կտեղավորվի աթոռի տակ»,- ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ, եթե ուզում եք փոքր ճամպրուկ, դրա համար պետք է հավելյալ վճարել, ավելի մեծ ճամպրուկի համար պետք է ավելի շատ վճարել:
Պետք է հաշվի առնել, որ ցանկացած ավելի ծառայության համար գումարը կարող է ավելանալ: Օրինակ՝ կան տոմսերի տարբերակներ, որոնք անպայման պահանջում են նախօրոք online check-in, եւ եթե դա չանենք, առանձին պետք է վճարենք օդանավակայանում check-in-ի համար:
Ռեւազյանի կարծիքով՝ լոուքոսթի մուտքը Եվրոպա փոխեց մարդկանց մտածելակերպը, քանի որ նրանք այլեւս անիմաստ բեռ չեն վերցնում, փոքր պայուսակներով են գնում ճանապարհորդելու: Ռեւազյանը նշեց նաեւ, որ նմանատիպ ավիաընկերությունները տարանցիկ չվերթներ չեն կազմակերպում, դրա համար պատկերացնել, որ Հայաստանը կդառնա մեծ կենտրոն տարանցիկ չվերթների համար՝ ոչ. սա կնպաստի, որ հայ ուղեւորը կարողանա առանց տարանցիկ չվերթների հասնել a-ից b կետ:
«Կայքում տոմսը գնելիս պետք է ամեն տողը կարդալ, որովհետեւ այս դեպքում պատասխանատվությունը միայն մենք ենք կրում»,- ասաց Ռեւազյանը: Ինչպես նա նշեց, «Ryanair»-ի նման ավիաընկերություններն իրենց ծախսերը կարողանում են կրճատել, որովհետեւ պարտավոր են օդանավն սպասարկել 25 րոպեում: Սա նշանակում է, որ աշխատողները «Զվարթնոց»-ում հնարավորություն չեն ունենալու վիճել ուղեւորների հետ՝ սա է ճիշտ, թե նա: «Չեն կարող ուշացնել թռիչքը, դրա պատճառով կարող են մերժել ուղեւորին օդանավակայանում»,- ասաց Ռեւազյանը:
Լոուքոսթերներում նաեւ շատ են գովազդները, այստեղ նույնպես ավիաընկերությունները գումար են աշխատում: Օրինակ՝ տոմսն ընտրելուց հետո կայքը առաջարկում է հյուրանոց, վարձով մեքենա, կամ՝ ապահովագրություն:
«Ես, օրինակ, հյուրանոցը չեմ ամրագրում ավիաընկերության կայքի միջոցով, որովհետեւ կարողանում եմ ուրիշ կայքերում ավելի էժան տարբերակներ գտնել»,- ասաց Ռեւզյանը:
Նրա կարծիքով՝ արժե համեմատել ավիատոմսերի արժեքները տարբեր կայքերով: Օրինակ՝ skyscanner կայքը կամ Momondo, aviasales, որ համեմատում են տարբեր ավիաընկերությունների եւ գործակալությունների տոմսերը: Սակայն, ինչպես նշեց Ռեւազյանը, այստեղ նույնպես պետք է ուշադիր լինել, որովհետեւ մի ընկերության տոմսում կարող է լինել ուղեբեռ, իսկ մյուսով՝ ոչ: