Տեղի է ունենում քոչարյանասերժական ռեժիմի ուժային գործողությունների ինֆորմացիոն ստերիլիզացիա
Այսօր կարող ենք արձանագրել հետևյալը՝ քոչարյանասերժական ռեժիմի ուժային կառույցների արդեն երեք ղեկավարներ հեռացել են կյանքից։ Ըստ նախնական վարկածի, անցյալ տարվա սեպտեմբերին իր ամառանոցում ինքնասպան եղավ Ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանը։
Ըստ նախնական վարկածի, այսօր Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում ինքնասպան է եղել ԱԱԾ-ի նախկին պետ Գեորգի Կուտոյանը։
2017 թվականին էլ կյանքից հեռացել էր ԱԱԾ-ի պետի պաշտոնում Կուտոյանին նախորդած Գորիկ Հակոբյանը։
Չմոռանանք նաև, որ անցյալ տարի Ռուսաստանում ըստ նախնական վարկածի դժբախտ պատահարի զոհ էր դարձել քոչարյանասերժական ռեժիմի օրոք Երևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Կարապետյանը։ Շարունակական այս պրոցեսն առաջին հերթին դեպի ճահճի ընդերք է տանում մեր պետության ներքին անվտանգությունն ու հեղինակությունը։
Ընդամենը հինգ ամսվա ընթացքում Հայաստանում կյանքից հեռացել են Ներքին գործերի նախկին նախարարը, ԱԱԾ-ի նախկին պետն ու Երևանի նախկին ոստիկանապետը։
Կյանքից հեռացած պաշտոնյաներն իրենց հետ են տարել ուժային կառույցներում տեղի ունեցած գործողությունների պետական կարևորության ինֆորմացիան, որը կուտակել էին ռեժիմի օրոք աշխատելու տարիներին։
Իրականում տեղի է ունենում Քոչարյանասերժական ռեժիմի ուժային գործողությունների ինֆորմացիոն ստերիլիզացիա, որը միանգամայն վտանգավոր պրոցես է թե ՀՀ ներկայիս իշխանությունների և թե երկրի բնականոն զարգացման համար։
Ցավոք Հայաստանում շարունակում է անխափան գործել պատմական այն մսաղացը, որը տարիներ շարունակ վերացրել է տարբեր պրոցեսներին խանգարող, կամ այսպես ասած շատ բան իմացող քաղաքական ֆիգուրներին։ Ու եթե այս մսաղացի աշխատանքը չկանգնեցվի, վաղը մենք հրաժեշտ կտանք այլ ֆիգուրների, որոնց գործունեությունն ու ինֆորմացիոն «բագաժը» խիստ կարևոր է Հայաստան պետության համար։
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի հարզատներին և ընկերներին։
Դավիթ Ջալալյան Ֆեյսբուք