Հունվարի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾ պետ Խաչատրյանը և ինչու է հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը:
Հայտնի է, որ դեռևս 2018թ. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման գործով իր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին. «Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրե՛ք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ և կնոջս անձնական նամակագրությունը»:
«ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվել է իր հեռախոսը տալ քննիչներին՝ գործով անհրաժեշտ հանգամանքները պարզելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Սասուն Խաչատրյանն իր հեռախոսը չի տվել. արդյոք պատճառն ա՞յն է, որ հենց ինքն է զանգահարել «դատավոր Հրաչին», հրահանգել Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել: ՀՔԾ-ից պատասխանեցին. «Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, և պարոն Խաչատրյանը այնտեղ նախազգուշացվել է նախաքննական տվյալներ չհրապարակելու մասին, հետևաբար՝ նա չի կարող տվյալներ հայտնել Ձեր հարցադրման առնչությամբ»»,- գրել էր թերթը:
168.am-ը Քննչական կոմիտե (ՔԿ) հարցում ուղարկեց՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. Ե՞րբ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած գաղտնալսումների փաստով քրեական գործը:
2. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Արթուր Վանեցյանի հեռախոսը:
3. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Սասուն Խաչատրյանի հեռախոսը:
4. Եթե կա ժամկետների տարբերություն ուժային կառույցների վերոնշյալ ղեկավարների հեռախոսների փորձաքննության ժամկետների մեջ, ինչո՞վ է դա պայմանավորված:
5. Փորձաքննության ենթարկվե՞լ է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը: Եթե այո, ե՞րբ:
ՔԿ-ից մեզ պատասխանել են, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61209718 քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Հավելել էին նաև, որ հիշյալ քրեական գործով քննության առարկա է դարձել 2018թ. դեկտեմբերի 5-ին համացանցում տեղադրված ՀՀ վարչապետի, ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու հանգամանքները:
«Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, մասնագետի մասնակցությամբ՝ «Oxigen software detective 9.2.0.75» արտոնագրված ծրագրային ապահովման կիրառմամբ կատարվել է Ա. Վանեցյանի և Ս. Խաչատրյանի բջջային հեռախոսների զննում»,- 168.am-ին ասել էին ՔԿ-ից՝ հավելելով նաև, որ վերոնշյալ ծրագրային ապահովումը հանդիսանում է ոլորտում լավագույններից և արդյունավետներից մեկը, և հենց դրա կիրառմամբ են ՀՀ-ում գործող փորձագիտական հիմնարկներն իրականացնում համապատասխան փորձագիտական հետազոտություններ:
ՔԿ-ից տեղեկացրել էին նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բջջային հեռախոսը փորձաքննության չի ենթարկվել:
Անհասկանալի է, իհարկե, թե ինչո՞ւ այդ գործով 3 ֆիգուրանտներից մեկի հեռախոսը հետաքրքրություն չի ներկայացրել նախաքննական մարմնի համար, և արդյո՞ք դա պայմանավորված է նրա զբաղեցրած պաշտոնով, սակայն այդ մասին ՔԿ-ն լռել էր, գրում է աղբյուրը: