Բուժիչ նամակներ

Միայն իմ ծանոթների շրջանում արձանագրվել է երկու դեպք, երբ մարդու կյանքը կարելի էր փրկել, եթե նրա կողքին լիներ առաջին օգնության գոնե տարրական գիտելիքներ ունեցող մարդ. երկու դեպքում էլ որբացան անչափահաս երեխաներ։
Ընդհանրապես ինֆարկտն ավելի հաճախ «ընտրում» է երիտասարդներին, որոնց հիվանդությունն ավելի ծանր` տարածված բնույթ է ունենում։


Կան տարեց մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տարած ինֆարկտների հաշիվը, և երիտասարդներ, որոնց առաջին ինֆարկտը կյանքին վերջակետ է դրել։ Հանելուկի լուծումը հետևյալն է. տարիների ընթացքում, եթե մարդու մոտ կա իշեմիկ հիվանդություն, արյունը գտնում է նոր ուղիներ` շրջանցում է անոթների վնասված հատվածները։ Երիտասարդների մոտ նման ուղիները դեռևս չեն կազմավորվել, և ինֆարկտն ունենում է տարածված բնույթ, ինչպես ասում են. «Փորձանքը գալիս է մեկ անգամ», տարածված ինֆարկտը երբեմն` նաև երկու անգամ, իսկ միկրոինֆարկտները կարող են կրկնվել մի քանի անգամ։

Սրտամկանի ինֆարկտը սկսվում է սուր, կտրող, սկզբից, կետային ցավով, որը հետզհետե տարածվում է ամբողջ կրծքավանդակով, հասնում է ձեռքերին, պարանոցին, ծնոտին։ Ցավը երկարատև է` կես ժամ և ավելի։ Մարդը գունատվում է, ուժասպառ է լինում, ուժեղանում է քրտնարտադրությունը։ Ինֆարկտի պատճառ կարող է դառնալ գերհոգնածությունը, ոչ համաչափ, կարճատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգեկան ցնցումները։

Երբեմն ինֆարկտը կարող է թաքնված բնույթ ունենալ, օրինակ. Լ-ն բեռնատարի վարորդ էր Կրասնոդարի մարզից, ճանապարհին գնել էին սև սալոր և այլ մրգեր։ Տուն հասնելուն պես Լ.-ի մոտ նկատվում է որովայնի փքվածություն, որն ուղղորդվում է սուր ցավերով, իջնում է զարկերակային ճնշումը, խախտվում շնչառությունը, կղանքի մեջ նկատվում է սևություն։ Սա այն դեպքն է, երբ ինֆարկտը թաքնվում է ստամոքսաբորբի դիմակի տակ։ Լ.-ն պահանջում է, որ կինը հոգնա անի, ինչը և դառնում է նրա մահվան պատճառ։

Ինֆարկտը կարող է թաքնվել ասթմայի դիմակի տակ, այս դեպքում չեն նկատվում ինֆարկտին բնորոշ սուր, երկարատև ցավեր։ Մարդը սկսում է խեղդվել, շնչառությունը կարգավորող դեղահաբերը չեն օգնում։

Երբեմն հիվանդի մոտ նկատվում են ինսուլտին բնորոշ ախտանիշեր` առոգանության խանգարում, գիտակցության խառնաշփոթ։

Շաքարային դիաբետով հիվանդների մոտ ինֆարկտն ունի «համր» ընթացք, ցավեր ընդհանրապես չկան։ Հիվանդը բողոքում է հոգնածությունից, նույնիսկ առօրյա չնչին ֆիզիկական աշխատանքը շնչառության ընդհատում է առաջացնում։ Դիաբետով հիվանդը և նրան շրջապատող մարդիկ պետք է իմանան վերոգրյալ ախտանիշերի մասին և համապատասխան միջոցներ ձեռնարկեն։

Ստենոկարդիա
Ստենոկարդիան և ինֆարկտը իշեմիկ հիվանդության արտահայտություններից են։ Ստենոկարդիան թարգմանաբար կոչվում է կրծքահեղձուկ, իսկ իշեմիա` բառացիորեն նշանակում է` թթվածնի սակավություն արյան մեջ։ Իշեմիան առաջանում է անոթների նեղացման պատճառով` պատերի վրա գոյանում են միկրոսկոպիկ գնդիկներ, որոնք հիմնականում բաղկացած են ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցներից («վատ խոլեստերին»)։ Խոլեստերինային գոյացության արտաքին թաղանթի վնասվածքի դեպքում նույն տեղում կարող է առաջանալ թրոմբ, որն ունի ընդարձակվելու հատկություն։

Թրոմբը կարող է խցանել սրտասնույց անոթը, և կառաջանա ինֆարկտ, կամ ուղեղը սնող անոթը, ինչի հետևանքով կառաջանա ինսուլտ։
Ստենոկարդիան ոչ միշտ է ախտորոշվում նույնիսկ ժամանակակից սարքերով։ Հիվանդության ախտանիշերն են. սուր, սեղմող, ճնշող ցավեր` ձախ ձեռքի, թիակի, նաև պարանոցի վրա։

Տարբերում են երկու տեսակի ստենոկարդիա` լարվածության և հանգստի, որոնք բաժանվում են չորս ֆունկցիոնալ դասերի.

1. առաջանում է շատ ծանր ծանրաբեռնվածության դեպքում,

2. արագ քայլելու կամ աստիճաններով բարձրանալու ժամանակ,

3. հանգիստ քայլելու և սովորական աշխատանք կատարելու ժամանակ,

4. առաջանում է նույնիսկ քնած ժամանակ։

Ստենոկարդիայի 4-րդ դասի դեպքում հաճախ տրվում է հաշմանդամության կարգ։ Ինչպես պարզ դարձավ վերոգրյալից` ստենոկարդիան իշեմիկ հիվանդություն է, սակայն ստենոկարդիայի դեպքում միշտ չէ, որ ինֆարկտ է առաջանում։ Այնուամենայնիվ, նման վտանգը մեծ է, եթե հիվանդը չի գիտակցում, թե իր հետ ինչ է կատարվում։ Հատկապես վտանգավոր է 1-ին և 2-րդ ֆունկցիոնալ դասերի ստենոկարդիան։

Ա-ն տուն էր վերադառնում աշխատանքից, ճանապարհին հանդիպեց հարևանությամբ ապրող ընկերոջը։ Ձմեռ էր, ջերմաստիճանը` մոտ մինուս 15C։ Ա.-ն զգաց ցավեր կրծքավանդակի վերին ձախ հատվածում, ընկերոջ օգնությամբ հասավ տուն։ Մինչև շտապօգնության հասնելը նրա վիճակն արդեն անհույս էր։ Ի՞նչ կաներ նման իրավիճակում բժիշկը.

1. Կապահովեր հիվանդի համար հնարավորության սահմաններում հանգիստ վիճակ։

2. Հիվանդի լեզվի տակ կդներ նիտրոգլիցերինի հաբ կամ շաքարի վրա կաթեցրած նիտրոգլիցերինի 1 տոկոսանոց լուծույթի 1-2 կաթիլ։

3. Անհապաղ կհրավիրեր շտապօգնություն։ Կարևոր է իմանալ, եթե հոսպիտալացումը կատարվում է արագ (մոտ 30 րոպեի ընթացքում), ապա կյանքին սպառնացող ռիսկը և հետագա բարդությունները չնչին են։

4. Հավանաբար կխմեցներ հիվանդին ցավազրկող դեղահաբ և հանգստացնող կաթիլներ։
Կարևոր է իմանալ. Ժամկետանց նիտրոգլիցերինը գրեթե անօգուտ է։ Նիտրոգլիցերինն ունի ճնշումն իջեցնող հատկություն, կարող է առաջացնել գլխապտույտ և գլխացավ, խորհուրդ է տրվում ընդունել նստած վիճակում։ Եթե ցավերը չեն մեղմանում` 5 րոպեից լեզվի տակ դրեք 2-րդ հաբը, իսկ 15-20 րոպե անց ցավազրկող հաբ խմեցրեք։ Նոպայի դեպքում չի կարելի խմել ճնշումն իջեցնող հաբեր, նույնիսկ հիպերտոնիկներին խորհուրդ է տրվում ծամել ասպիրինի կես հաբ։

Ստենոկարդիայի և ինֆարկտի դեպքում հիվանդի մոտ առաջանում է տագնապի զգացում, նոպայի սկսվելուն պես խմեցրեք 30-40 կաթիլ վալոկորդին կամ կորվալոլ, որոնք ունեն նյարդերը հանգստացնող հատկություն, սակայն չեն կարող փոխարինել նիտրոգլիցերինին։

Նիտրոգլիցերինի ուսումնասիրությունը նպաստել է ազոտի օքսիդի (NO) օգտակար հատկությունների հայտնաբերմանը։ Հետազոտողների խումբն արժանացել է Նոբելյան մրցանակի։ Ազոտի օքսիդն օգտագործվում է սրտի բուժման համար։

Հ.Գ. Խորհուրդ. Եթե ձեռքի տակ չկա նիտրոգլիցերին, ապա մաքրեք մեկ փոքր ատամիկ սխտոր և համոզեք հիվանդին, որ կուլ տա` առանց ծամելու։ Միջոցը կարելի է կիրառել միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Եթե ատամիկը մեծ է, կարելի է բաժանել 2-3 մասերի և օգտագործել միայն 1 մասը։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: