«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչև հունվարի 30-ը` Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին:
Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, և այդ տղաների մեջ է նաև Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին նեղացնում են: Երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա, մեր տեղեկություններով, հրահանգել է արձանագրություն կազմել, և բողոքը անմիջապես ներկայացվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Եվ դատելով իրավիճակից՝ պետ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետևանքով էլ ամիսներ անց տեղի ունեցավ Վահրամ Ավագյանի ողբերգական դեպքը:
«Ժողովուրդ» օրաթերթը թեժ գծից ստացված ինֆորմացիան և դրա հետևանքով իրականացված քայլերի մասին տեղեկությունը փորձեց պարզել Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից, սակայն նա ողջ օրը խոստացավ պատասխան տալ, իսկ երեկոյան խնդրեց հարցը գրավոր ուղարկել գրավոր պատասխան տալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մի քանի նիստեր են գումարվել ՊՆ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու և ելքեր գտնելու համար, ու ի թիվս այդ հարցերի՝ քննարկվել է նաև մեր փոխանցած ինֆորմացիան, որի համար ողջ օրը ՊՆ-ում պատասխան չկարողացան գտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: