Ադրբեջան գլխավոր դատախազությունը մեկնաբանել է երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը` փետրվարի 9-ին, 2 թեկնածուների մահվան մասին տեղեկությունը, գրում է minval.az-ը: Ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ փետրվարի 9-ին` ժամը 19․00-ի սահմաններում, հանկարծամահ է եղել Գյոյգյոլի շրջանի Մոլաջալիլի գյուղի 38-րդ ընտրատեղամասում գրանցված Գյոյգյոլ-Դաշկեսանի շրջանից Մովսում Ասլանովի ներկայացուցիչ Սուբհան Հաջիևը։ Գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանները դատական բժիշկների հետ կատարել են դեպքի վայրի և դիակի զննություն: Հաղորդվում է, որ 1954 թվականին ծնված Հաջիևը մահացել է շուրջ 15 դիտորդների և այլ անձանց աչքի առաջ: Մարմնի զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշենք, որ լուրեր են շրջանառվում Հաջիևի սպանության մասին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ևս մեկ թեկնածուի ներկայացուցչի մահվան մասին: 61-ամյա Մահիր Հուսեյնովը մահացել է իր տան նախաշեմին` երեկոյան ժամը 23․00-ի սահմաններում:
Նախաքննությունը պարզել է, որ Հուսեյնովը մահացել է, երբ դուրս է եկել տնից և ուղևորվել դեպի մեքենան: