Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների հետ դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, խրամատների մոտ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց ձնահյուսի տակ մնացած չորս զինծառայողներից միակ ողջ մնացած պայմանագրային զինծառայող Համլետ Միրզոյանը։
Նշենք, որ Համլետ Միրզոյանը քիչ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից. ասաց՝ իրեն արդեն լավ է զգում. «Ամբողջ մարմինս ճմռած է եղել։ Ինչքան էլ պատմեմ, թե ինչ եմ զգացել, կամ այդ պահին ինչ եմ արել, չեք պատկերացնի»։
Նա պատմեց, որ իրենք մնացել են ձյան շատ հաստ շերտի տակ, և չեն կարողացել դուրս գալ. «Դիրքերից զորամաս էինք իջնում։ Ձնահյուսը վերեւից չի թափվել, այլ մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ու մենք ընկանք մեջը։ Ինչքան գոռում էինք՝ արձագանք չկար, արդեն հույս կորցրել էի, ու մեզ գտան։ Իմ գոռոցներից ինձ գտան։ Շատ խորն էր ձյան շերտը, չէինք կարողանում բարձրանալ»։
Հարցին՝ ե՞րբ է ինքը պատրաստվում վերադառնալ ծառայության, ասաց, որ չի շարունակելու ծառայությունը. «Չէ, չէ ի՞նչ շարունակել, դուրս եմ գալու, սիրտս չի տանի, շատ մոտ ընկերներիս եմ կորցրել, հիասթափված եմ շատ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) եւ կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթեւ վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: