Շատերին հայտնի ու սիրելի «Երգ երգոց» հաղորդաշարը, ըստ «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկությունների, ամռանը դադարելու է հեռարձակվել: Երաժշտական հաղորդաշարը Հանրային հեռուստաընկերության երեկոյան եթերում է արդեն 10 տարի՝ յուրաքանչյուր կիրակի: Այն հիմնադրման օրից վարում է հաղորդավար եւ դերասան Խորեն Լեւոնյանը:
Հաղորդաշարի սպասվող փակման մասին մեր հարցին պատասխանելով՝ Խորեն Լեւոնյանն ասաց՝ նման բան չկա: ««Երգ երգոցը» դեռ եթերաշրջանի մեջ է, աշխատում ենք»,- նկատեց նա: Ավելացրեց, որ այս եթերաշրջանն ավարտվելու է սեպտեմբերին: Ճշտող հարցին, թե գուցե քննարկվում է ծրագիրը դրանից հետո շարունակելու նպատակահարմարությունը, Լեւոնյանն արձագանքեց՝ բացարձակապես: «Առաջին անգամ ձեզնից եմ լսում, նորմալ, ոնց տասը տարի աշխատում էինք, էնպես էլ աշխատում ենք»,- հավաստիացրեց նա:
«Երգ երգոցի» պրոդյուսեր Աննա Գրիգորյանը եւս վստահեցրեց, որ ծրագիրը չի դադարեցվելու, եւ հիմա վերջին եթերաշրջանը չէ: «Ապատեղեկատվություն է: Ինձ թվում է՝ սա ժողովրդի միակ սիրած հաղորդումներից մեկն է»,- ասաց նա: Դիտարկմանը, թե այսինքն հաղորդումը կշարունակվի՞ եթեր հեռարձակվել, ինքն էլ կշարունակի լինել հաղորդման պրոդյուսե՞ր, Աննա Գրիգորյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա՝ ես կլինեմ, թե՝ չէ: Մինչեւ հունիս մենք աշխատում ենք: Դեռ այսքանը»:
Հանրային հեռուստաընկերության փիառ պատասխանատու Տիգրան Դանիելյանն էլ նշեց՝ այս պահին հաղորդումը եթերում է: Մանրամասների համար առաջարկեց գրավոր հարցում ուղարկել:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com