Իտալիայի Միլան քաղաքում կորոնավիրուսի բռնկման պատճառով քաղաքում արտակարգ վիճակ է ստեղծվել: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ սուպերմարկետները հիմնականում դատարկ են, քանի որ մարդիկ մեծաքանակ գնումներ են կատարել՝ տնից դուրս անհրաժեշտությունը նվազեցնելու համար:
Տեղացիներն ու զբոսաշրջիկները խուսափում են օգտվել հանրային տրանսպորտից, դուրս գալ մարդաշատ վայրեր: Քաղաքի կյանքը, ըստ էության, պարալիզացված է: Այս պահին փակ են ինչպես Միլանի, այնպես էլ Իտալիայի հյուսիսում գտնող այլ քաղաքների ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները:
Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխատանքը դադարեցրել է նաև Միլանի հայտնի «Լա Սկալա» թատրոնը: Համաձայն վերջին տվյալների՝ Իտալիայում վարակվածների թիվը 224 է , որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում, 7 մարդ մահացել է։
Լուսանկարում Միլանի Ֆիլիպո Պալիզի փողոցում գտնվող Esselunga սուպերմարկետն է, որի դատարկ ցուցափեղկերը NEWS.am-ի թղթակիցը ֆիքսել է քիչ առաջ: