Factor TV-ի եթերում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը նպատակ է ունեցել տանկերով վախեցնել ժողովրդին․ «Ուժի ցուցադրություն էր, իրենք լավ վախեցած էին, տեսել էին ժողովրդի հզորությունը, փորձում էին իրենց իշխանությունը պահել։ Էդ քայլերն անելու համար դավաճանության հոդվածներ կարելի էր դնել»,- ասել է Մանուկյանը:
ՀԱԿ փոխնախագահը հիշեցրել է արտակարգ դրության ռեժիմի սահմանումը՝ զորքեր քաղաք մտցնելը և դիպուկահարների ներգրավումը․ «Հետո՝ այդ մարդկանց ֆինանսավորել են, ամբողջ քրեական գործը կեղծել են, սա մի համակարգ է, որին մասնակցել է պետական ամբողջ մեխանիզմը։ Եվ այդքան ապացույցներից հետո դեռ կան մարդիկ, կան վարչապետներ, որոնք ստորագրում են դա իրականացնողների համար»,- նշել է նա:
Նշենք, որ նախկին վարչապետների շարքից բացակայում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ էր, և նրանից հետո դարձել է նախագահ: Այս առնչությամբ Արամ Մանուկյանն ասել է. «Նախկին վարչապետները 15-ն են, որից միայն 3-ն են աշխատել, հարց տամ՝ իսկ միգուցե էն 12-ը ոնց որ թե համաձայն են, որ Ռոբերտ Քոչարյանը նստի։ Էդ տեսակետին ավելի հակված եմ։ Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը չուզի, որ Ռոբերտ Քոչարյանը նստի, կամ՝ հակառակը։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք մի մարմին են, ես չեմ կարծում՝ նրանք մի մարմին են»։
Մանրամասները՝ տեսանյութում: