Օրերս Երևանում կայացավ ծանրամարտի ՀՀ առաջնությունը։ Մասնակցում էր նաև կապանցի 19-ամյա Վալենտինա Մովսիսյանը։ Նա 55 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ՝ դառնալով ՀՀ չեմպիոն։ Մարզուհին հաղթանակից ու մարզական կյանքից դրվագներ է ներկայացրել «Ռադիոլուրին»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանատի վերանորոգված մարզահամալիրում ենք։ Այստեղ հերթական պարապմունքներն է անցկացնում ծանրամարտի Հայաստանի չեմպիոն Վալենտինա Մովսիսյանը։ 19-ամյա կապանցի մարզուհին օրերս է վերադարձել մայրաքաղաքից, որտեղ նվաճել էր չեմպիոնական ոսկին։ Այսօր նա կրկին կռիվ է տալիս ծանրաձողի հետ։

Վալենտինային առաջին անգամ տեսնողները չեն ասի, որ ծանրամարտիկ է։ Գեղեցիկ եւ կանացի մարմին ունի, հետաքրքիր ձայն։ Ինչո՞ւ ընտրեց սպորտը, ու հատկապես ծանրամարտը, հարցնում եմ.

«Գեղեցիկ կազմվածք ունենալու համար մայրիկս առաջարկեց, որ հաճախեմ ծանրամարտի, ասաց՝ հետո երբ զգանք, որ պետք չի, էլ չես գնա։ Հետո արդեն մնացի ծանրամարտում, արդնե 7 տարի է։ Սկսեց դուր գալ այս մարզաձևը։ Սպորտը բնավորություն է ձեւավորում, որի շնորհիվ էլ կարողանում ես գործնական հարաբերություններ ստեղծել տարբեր մարդկանց հետո։ Ի վերջո հասկացա, որ սպորտը միայն ֆիզիկականը չէ, այն նաև փիլիսոփայություն է, հոգեբանություն»։

Վալենտինան անկեղծանում է, սկզբում չէր հավատում իր մարզական ապագային, բայց հետո, երբ որոշակի հաջողություններ գրանցեց, սկսեց պատասխանատվությամբ վերաբերվել մարձաձևին ու մարզումներին։

-Սպորտը սիրում է, երբ իրեն տրվում ես ամբողջությամբ։ Բաներ կան, որ պետք է մի կողմ դնես, օրինակ` անձնական կյանքը։


-Ունե՞ս զուգընկեր։
-Ոչ։
-Ինչո՞ւ։
-Որովհետև դա խանգարում է իմ պարապմունքներին։
— Իսկ հնարավոր չէ՞ համատեղել։
-Ոչ։

Վալենտինան ասում է, որ նախկինում ունեցել է մարզական որոշակի անհաջողություններ․

«2019 թվակակնին մասնակցեցի ՀՀ երկու առաջնության` մեծահասակների և երիտասարդների։ Գրավեցի 2- րդ տեղը։ Դա ինձ համար տապալում էր, խոստովանում եմ, բայց ինձ համար նաեւ դաս էր, որ էլ չկրկնեմ նույն սխալները։ Ավելի լավ պարապեցինք, ավելի շատ աշխատեցինք, սննդակարգիս հետևեցի։ 2020 թվականին գրավեցի առաջին տեղը»։

Մարզուհուն խնդրեցինք առաջնության հետնաբեմից պատմի։

«Մրցումներին սովորաբար լարված է լինում մեկը մյուսի հանդեպ, որ հանկարծ նա չհաղթի, չբարձրացնի, բայց ես ուշադրություն չեմ դարձնում նման հայացքներին, խոսքերին։ Հավաքում եմ ինձ»։

Վալենտինայի նպատակն արդեն եվրոպական ոսկի նվաճելն է։

Նյութի աղբյուրը՝ armradio.am