Մարտի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը վարչական տարածքի բուժհաստատություններից մեկում գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է՝ օգտվելով աշխատասենյակների դռները բաց լինելու հանգամանքից՝ գողացել են բժիշկներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, զեղչի ու բանկային քարտեր, մյուսի պայուսակն էին տակնուվրա արել ու հարմար բան չգտնելով՝ հեռացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ. դեպքից օրեր անց գողությունը բացահայտվել է:


Մարտի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, քրեական հետախույզները և ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Անդրանիկի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել Սեբաստիայի փողոցի 43-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը 2020 թվականի հունվարից մարտի 6-ը Հրազդան քաղաքի և Երևանի տարբեր վարչական շրջանների բուժհաստատություններում, տոնավաճառներում ու խանութներում տասնյակից ավելի անձնական ունեցվածքի գողություններ է արել՝ գողանալով բջջային հեռախոսներ, դրամապանակներ ու պայուսակներ:

Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: