Իտալական սպորտային մամուլը կրկին ակտիվորեն քննարկում է հայ ֆուտբոլիստի տրանսֆերի խնդիրը: «Ռոման» կարող է կանգնել ընտրության առաջ՝ պահել իր կազմում Հենրիխ Մխիթարյանի՞ն, թե՞ Քրիս Սմոլինգին:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայում» մնալու կամ չմնալու հարցը Լոնդոնի «Արսենալի» հետ բանակցություններում նոր ընթացք է ստացել. անգլիական թիմը ձգտում է փոխանակել Մխիթարյանին իրեն շահավետ պայմաններով:
Ֆուտբոլային աշխարհում կորոնավիրուսային դադարը վերաբերվում է հիմնականում խաղերի անցկացմանը: Նման իրավիճակում ակումբներն ակտիվացրել են ապագա տրանսֆերների խնդիրը: Իտալական մամուլը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը: Ակնհայտ է, որ հայ ֆուտբոլիստն ավելի շատ է պետք «Ռոմային», քան «Արսենալին»: Համենայնդեպս «Արսենալի» ղեկավարությունը Մխիթարյանի տրանսֆերը «Ռոմային» տալու համար նոր տարբերակ է գտել:
Gazzeta delo sport-ը և մի քանի այլ պարբերականներ նշում են, որ հիմա էլ «Արսենալը» Մխիթարյանի տեղափոխության գործարքի մեջ փորձելու է ընդգրկել «Ռոմայի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Քրիս Սմոլինգի տրանսֆերը: Այսինքն՝ Մխիթարյանին ու Սմոլինգին «Ռոման» և «Արսենալը» կարող են փոխանակել, կամ տրանսֆերային գնի մեջ ինչ-որ բան փոխել:
Բայց նման գործարքը մեծ հարցականի տակ է: Սմոլինգը, ինչպես և Մխիթարյանը, վարձավճարով է խաղում «Ռոմայում», բայց նրա տրանսֆերը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», այլ ոչ թե «Արսենալին»: Հետևաբար «Արսենալը» Սմոլինգի հարցում փաստացի ոչինչ անել չի կարող, չնայած որ ուզում է իր կազմում տեսնել կենտրոնական պաշտպանին: Սմոլինգի Իտալիայում մնալու հարցով «Ռոման» պետք է համաձայնության գա ոչ թե «Արսենալի», այլ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Չի բացառվում, որ նման կարծիքն իտալական լրատվամիջոցների կողմից տարածուվում է միայն այն պատճառով, որ նրանք ուզում են «Ռոմայի» կազմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին: Մեր ֆուտբոլիստը հաստատ կարող է օգտակար լինել «ջալոռոսիներին», բայց նույնը պետք է ասել նաև Քրիս Սմոլինգի համար, որը կարողացավ թիմի պաշտպանությունում շատ բան շտկել: «Ռոման» երկու ֆուտբոլիստին էլ ուզում է տեսնել իր կազմում: Սակայն Սմոլնգին թողնենք հանգիստ ու փորձենք հասկանալ, թե իվերջո որտեղ կարող է իր կարիերան շարունակել Մխիթարյանը:
«Ռոմայի» ու «Արսենալի» միջև Մխիթարյանի տեղափոխության հարցում առայժմ անլուծելի է հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գինը, որը սահմանված է «Արսենալի» կողմից: Ոմանք նշում են 20 մլն եվրո, ոմանք՝ 25 մլն: Իտալական թիմը կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարող այդքան գումար տրամադրել: Բայց անընդհատ նշվում է, որ Մխիթարյանը պետք է «Ռոմային»: Միգուցե խնդիրը նաև մեր ֆուտբոլիստի տարիքի մեջ է: Հենրիխն արդեն 31 տարեկան է, ու այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով շատ խաղեր բաց է թողնել: Ինչպես ասում են՝ ֆուտբոլում մանրունքներ չկան, ու վերը նշվածն էլ հնարավոր է՝ առայժմ երկմտելու առիթ է տալիս «Ռոմային»:
Այն որ «Արսենալն» անպայման ուզում է վաճառել Մխիթարյանի տրանսֆերը, իրականությանը շատ մոտ է: Նախ մեծ գումարը հնարավորություն կտա մտածել նոր ձեռբքերման մասին, բացի այդ Մխիթարյանը, եթե մնա որպես «Արսենալի» ֆուտբոլիստ, 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակում ինքն արդեն կընտրի իր նոր թիմն ու իր տրանսֆերի արժեքը:
Մեկ բան պարզ է՝ Մխիթարյանը «Ռոմայում» կարողացել է հարմարվել թիմի խաղին ու բավականին բարձր ՕԳԳ ունի: Մեր ֆուտբոլիստի վիճակագրությունը «Ռոմայում» ապացուցում է, որ Մխիթարյանը թիմի առանցքային խաղացողներից մեկն է: Իսկ վերջնականապես այդպիսին դառնալու համար Հենոյին պարզապես պետք է վնասվածքներից հեռու մնալ: