Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային քննարկում է ունեցել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին և երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերին:
Նախարարի տեղակալ Ադոնցը շնորհակալություն է հայտնել դեսպան Թիեն Ըրլունին ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության օգնությամբ ՀՀ առողջապահության նախարարությանն անհատույց տրամադրված 1008 հատ նոր տիպի կորոնովիրուսի թեստերի համար, որոնք օրերս հասել են Հայաստան:
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել այն փաստը, որ չինական կողմի պատրաստակամությունը՝ կիսել իր լավագույն փորձը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում և կանխարգելման միջոցառումներում:
Կողմերը քննարկել են նաև բժշկական հատուկ արտահագուստի, դիմակների և թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարումների հետ կապված հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը խնդրել է չինական կողմին շարունակել այս ուղղությամբ տրամադրվող աջակցությունը: Դեսպան Թիենը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Հայաստանին հավելյալ աջակցություն ցուցաբերել՝ անհատույց տրամադրելով բժշկական հատուկ արտահագուստ և թոքերի արհեստական օդափոխության սարքեր 110 000 ԱՄՆ դոլարի չափով:
Դեսպան Թիենն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը հայկական կողմի հետ նոր տիպի կորոնովիրուսի դեմ պայքարի հետ կապված բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ համավարակի դեմ հաղթանակի հասնելու գրավականը միջազգային մակարդակում միասնականության և համերաշխության դրսևորումն է։


