Հայաստան կատարած այցի ժամանակ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների հետ հանդիպման ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե Վիլնյուսում նոյեմբերին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո ողջ գործընթացը տեղափոխվելու է խորհրդարան. «Մենք կարծում ենք, որ այդ աշխատանքների կոորդինացիան կարող է անել ԱԺ-ի եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը»։

Ֆյուլեի այդ խոսքին հավանություն է տվել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Պրայան Հրիսթեան։ Սակայն, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, Ֆյուլեի այս հայտարարությունն ամենևին էլ դուր չի եկել ՀՀ իշխանություններին, և հիմա նրանք սկսել են տարբեր փորձեր անել՝ այդ ձեռնարկը խափանելու համար։ Բանն այն է, որ ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը ԲՀԿ– ից է՝ Նաիրա Զոհրաբյանը, այնինչ ՀՀԿ–ում ուզում են, որ կոորդինացնողի դերը ստանձնի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի ղեկավարը ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն է։

«Ժողովուրդ»–ը փորձեց այդ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Նաիրա Զոհրաբյանից։ Վերջինս, թեև չհերքեց այս լուրերը, սակայն ասաց, որ իրենք պայմանավորվածություն ունեն չբացահայտել հանդիպման մանրամասները, ուստի ինքը ոչինչ չի կարող ասել»,– գրում է «Ժողովուրդը»