Բժիշկ Դավիթ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շվեյցարացին նախանձում է հային

Երեկ նամակ էի ստացել շվեյցարացի ավագ կոլեգաներիցս (76տ.) մեկից:

Տարիների խորքից եկած շատ իմաստուն ու կարևոր դիտարկում է անում, որը կարծում եմ շատերիս կհետաքրքրի ու լավ դաս կլինի:

Ահա հայերեն թարգմանությունը.

«Շատ հետաքրքիր է հասկանալ, թե ինչպես է ծագում խնդիրը: 20 տարի առաջ [եվրոպական] հիվանդանոցներն կիրառում էին բազմակի օգտագործման բամբակյա հագուստ ու սպիտակեղեն:

Մենք լվանում ու կրկին օգտագործում էինք դրանք, ինչպես դուք եք առ այսօր անում ձեր հիվանդանոցներում:

Իսկ այժմ մենք օգտագործում ենք «անհյուս մեկանգամյա օգտագործման պարագաներ»:
[Համաճարակի ժամանակ] ամբողջ արևմտյան Եվրոպայում, այդ թվում նաև Շվեյցարիայում մեծ խնդիր ծագեց. մի քանի օր անց բուժանձնակազմի պաշտպանիչ պարագաները վերջացան:

Ձեռքերի ախտահանման բոլոր տարաները դատարկ էին, ինքս եմ այցելել հիվանդանոց ու տեսել:

Օրինակ՝ 70% ալկոհոլ պարունակող ալկոգելերը... Անհավատալի է, բայց՝ փաստ:
Ես հիշում եմ ձեր հիվանդանոցի [Երևանում] բոլոր մաքուր սենյակները [դե մեր կեղտոտ հիվանդանոցները չի տեսել ;)], բոլոր մաքուր, թարմ լվացված կտորեղենը, գերազանց կառավարվող տեխնիկական սարքավորումները:


Կարծում եմ, որ մենք [Շվեյցարիան!] պետք է վերադառնանք ավելի փոքր ինքնավար ստորաբաժանումներին, ինչպիսիք ձեզ մոտ են, քանի որ մեր համակարգը շատ փխրուն է:

Հուսով եմ, որ մեր պատասխանատուները դասեր կքաղեն այս աղետից: Նրանք կարող էին ձեզանից շատ բան սովորել, քանի որ դուք գիտեք ինչպես վարել հիվանդանոցը ծանր պայմաններում՝ 80/90-ականներին և ավելի ուշ տարիներին, ինչպես մեզ պատմել ես:»

Որպես վերջաբան ավելացնեմ, որ զարգացած երկրներից շատերում այսօր անցել են նույնիսկ ոչ միայն մեկանգամյա օգտագործման հագուստի ու վիրահատական սպիտակեղենի, այլ նաև մեկանգամյա օգտագործման վիրաբուժական գործիքների (դանակ, մկրատ, կոագուլյատոր և այլն):

Իհարկե մի կողմից դա նվազեցնում է ներհիվանդանոցային վարակների և մեկ հիվանդից մյուսին վարակի փոխանցման վտանգը, ինչպես նաև խթանում է նման պարագաներ արտադրողների բիզնեսը և նոր աշխատատեղեր է ստեղծում, սակայն մյուս կողմից այդ ամենը թանկացնում է բուժսպասարկումը և, ինչպես տեսնում եք, նման համաճարակային պայմաններում ստեղծում է շատ լուրջ խնդիրներ, որոնք կարող են պարզապես կաթվածահար անել առողջապահական համակարգը:

Բա, շատ զարգացած լինելն էլ մի բան չէ ;)
Մենք՝ հայերս, մեզ հաճախ թերագնահատում ենք: Բայց կողքից այս հայացքը շատ սթափեցնող էր:

Այնպես որ ոչ ոքի նմանվել ու նախանձել պետք չէ: Պետք է ստեղծել ու պահպանել սեփական ազգին ու պետությանը հարմարեցված լավագույն համակարգը՝ հաշվի առնելով անցյալի դասերն ու միջազգային փորձը»: