Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում. գրում է armtimes.com-ը։
«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:
Իննա Սահակյանը նաեւ սցենարի հեղինակն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իննան պատմեց, որ, չլինելով ծանրամարտի սիրահար, 2006 թվականից հետեւել է Մելինե Դալուզյանի ելույթներին, հպարտացել նրա ամեն մի բարձրացրած կիլոգրամով. «Նա հաստատուն բարձրանում էր փառքի աստիճաններով. Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չգերազանցված ռեկորդ։ Ես հիանում էի նրանով, նրա թիմակիցներով, ոչ միայն այն պատճառով, որ նրա շնորհիվ աշխարհում բազում անգամներ բարձրանում էր եռագույնը ու հնչում մեր հիմնը, այլ նաեւ նրա համար, որ նա կոտրում էր կարծրատիպերը. նա փայլում էր մի մարզաոճում, որը տարիներ շարունակ համարվել է առնական, եւ հայ կինը կարծես թե անելիք չուներ այդ սպորտում»:
Մել Դալուզյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Հոլանդիայում: Տարիներ առաջ նա սկսեց բացահայտ խոսել իր սեռային պատկանելության մասին, հայտարարեց, որ, չնայած կենսաբանորեն աղջիկ է ծնվել, բայց դեռ մանկուց իրեն տղա է զգացել ու այլ կերպ չի էլ պատկերացրել: Դալուզյանին իր այդ հայտարարությունները հասարակության քննադատությանն ու քարկոծմանն արժանացրին, որին հաջորդեց Մելի՝ ծանրամարտը թողնելն ու Հայաստանից արտագաղթելը:
2016 թվականին հայ ծանրորդուհիների թիմի բացարձակ ոսկե հաղթանակը Եվրոպայի առաջնությունում կրկին գրավել է Իննա Սահակյանի հետաքրքրությունը. բոլոր հայտնի անունները մասնակցում էին, բայց նրանց մեջ չկար Մելինեն, որը ժամանակին ամենաուժեղներից էր։
«Հենց այդ ժամանակ սկսեցի հետաքրքրվել նրանով ու այն, ինչ հայտնաբերեցի, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Համացանցում Մելինեի անվան որոնումը հանգեցրեց ոչ թե հիացական գովքի, այլ հանրության կողմից ատելության ու նզովքի աղաղակների: «Մելինեին վառել է պետք», «նա ազգի խայտառակությունն է», «ամաչում ենք, որ նա հայ է»՝ ահա՛, այսպիսի գրառումներով էր հեղեղված համացանցն ու դեղին մամուլը։ Մի քանի տարիների ընթացքում Մելինեն ազգի պարծանքից վերածվել էր ազգի ամոթի, ու ես պարզապես ապշած էի»,- պատմեց ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը:
Իննա Սահակյանի խոսքով՝ սկզբում ֆիլմը կպատմի Հոլանդիայում առաջին հայացքից այլ փախստականներից ոչնչով չտարբերվող զույգի մասին, սակայն հանդիսատեսը աստիճանաբար կբացահայտի նրանց պատմության հիմքում ընկած երանգները, անցյալի իրադարձությունները, Մելի՝ ռեկորդակիր ծանրամարտիկ լինելը, ֆիզիկապես կին լինելը եւ այն։
«Մել» ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։
Իննա Սահակյանը նշում է՝ Ֆիլմում օգտագործվելու են նաեւ Մելի եւ Ծաղիկի անձնական արխիվները, ինչպես նաեւ Մելի սպորտային կարիերայի ընթացքում տարբեր ժամանակաշրջանների առաջնությունների ու փորձերի պրոֆեսիոնալ նկարահանված նյութերը։ Ռեժիսորի համոզմամբ՝ օգտագործված արխիվային նյութերի օգնությամբ հնարավորություն կստեղծվի հանդիսատեսին տեղափոխել ֆիլմի հերոսների անցյալ, ինչն այս դեպքում կարեւոր է:
«Մել»-ի նկարահանումները սկսվել են Մելի եւ Ծաղիկի Հայաստանում համատեղ կյանքի սկզբից, իսկ դրանից հետո տեղի ունեցող բոլոր իրադարձությունները վավերագրվել են։ «Մինչեւ մեր նկարահանումները, հերոսների կյանքում տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ ֆիլմում կներկայացվեն բեմադրված տեսարանների օգնությամբ: Այդ տեսարանները կուղեկցվեն վավերագրական հարցազրույցների ձայնով. կարծես հերոսն է մեզ ուղեկցում դեպի իր անցյալը։ Բեմադրված տեսարանների միջոցով հանդիսատեսը կլսի ու կտեսնի Մելի մանկության վախերն ու երազանքները։ Մելը պատմում է՝ «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո սենյակումս մենակ՝ երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»,- մի քանի մանրամասներ է բացահայտում ռեժիսորը: