Lragir.am-ը գրում է.Չինական Global times պարբերականը հրապարակել է այդ երկրի կառավարող եւ միակ կուսակցության՝ Կոմկուսի հայտարարությունը Ռուսաստանում կորոնավիրուսի վիճակի եւ Չինաստանի համար դրա վտանգի մասին: Չինաստանի Կոմկուսը նշում է, որ Ռուսաստանը վարակի ներթափանցումը կառավարելու անընդունակ է եւ դա վտանգ է Չինաստանի համար:

Բանն այն է, որ Չինաստանի մոտ 100 հազար քաղաքացի, ըստ պաշտոնական տվյալի, գտնվում է Ռուսաստանում: Նրանք վերադառնում են հայրենիք Վլադիվոստոկով եւ իրենց հետ Չինաստան բերում վարակը: Ներսում վարակը արգելափակած Պեկինը մտավախություն ունի, որ այդպիսով Ռուսաստանից կներթափանցի վարակի նոր ալիք: Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին մնալ Ռուսաստանում եւ չվերադառնալ հայրենիք:

Մեղադրանքին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը, նշելով, որ այսօր շատերն են իրար մեղադրում, բայց իրենք կարծում են, որ դա անշնորհակալ գործ է եւ պտք է անել հակառակը՝ համախմբել ջանքը վարակի դեմ պայքարի համար:

Այդուհանդերձ, Չինաստանի մեղադրանքը բավական հետաքրքիր է եւ այն, որ ՌԴ-ում դրան արձագանքում են նախագահի խոսնակի մակարդակով, վկայում է դրան քաղաքական էական նշանակություն տալու մասին: Իսկ Պեկինի մեղադրանքը կամ կասկածը անսպասելի շրջադարձ է այն մեղադրանքի կամ կասկածների ֆոնին, որ Չինաստանի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործարքի առնչությամբ հայտնում է Միացյալ Նահանգները: ԱՄՆ խոսում է այն մասին, որ կասկած կա, թե Պեկինն ու ԱՀԿ-ն աշխարհից թաքցրել են վարակի մասին ճշմարտությունը եւ այդպիսով թույլ չեն տվել կատարել կանխարգելիչ լիարժեք քայլեր:

ԱՄՆ Սենատում սկսել է այդ հարցի քննությունը, իսկ նախագահ Թրամփը հայտարարել է ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու մասին, մինչեւ քննության ավարտ: Դրանից օրեր առաջ էլ Թրամփը հայտարարել էր, որ վարակի դեմ պայքարում ԱՄՆ Պեկինի հետ կգործակցի, եթե Չինաստանը հավատարիմ մնա օրերս կնքված աննախադեպ համաձայնությանը՝ միլիարդավոր դոլարի ներդրում կանի ամերիկյան տնտեսության մեջ:

Արդյոք դա գինն է, որով Պեկինը կազատվի միջազգային դատական հետանդումներից ու հայցերից, որոնք անկասկած շղթայական կլինեն, եթե ԱՄՆ սկսի:

Ահա այդ իրավիճակում ՌԴ արտգործնախարար Լավրովը ԱՄՆ-ին հորդորեց չմեղադրել ԱՀԿ-ին կամ Չինաստանին: Պեկինին Մոսկվայի աջակցությունն ըստ երեւույթին պայմանավորված է նոր աշխարհակարգի համար պայքարում հնարավորինս խաղի մեջ լինելու եւ այսպես ասած երկրորդ տեղը պահելու ձգտումով: Այդ ֆոնին, Չինաստանի մեղադրանքը ստանում է Ռուսաստանի քաղաքական աջակցության բավականին կոշտ մերժման նշանակություն: Պեկինը գուցե նաեւ ակնարկում է, որ Մոսկվան խաղում է երկդիմի խաղ՝ մի կողմից ստեղծելով աջակցության տպավորություն, մյուս կողմից վարակի վտանգ ներկայացնելով Չինաստանի համար: Արդյոք կա ակնարկ, որ դա կարող է լինել ՌԴ՝ ԱՄՆ հետ խաղի արդյունք, թե՞ Պեկինը Մոսկվային հասկացնում է, որ Նահանգների հետ գործընթացում երրորդն ավելորդ է, եւ Կրեմլը չի կարող հավակնել երկրորդ տեղի հարցում Չինաստանի զիջմանը: