Անցանկալի մազերը կարող են լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուր կնոջ համար, մինչդեռ դրանց դեմ պայքարում են միլիոնավոր կանայք: Ներկայում գոյություն ունեն մազահեռացման տարբեր միջոցներ, սակայն դրանք կամ շատ ցավոտ են, կամ անարդյունավետ են, կամ՝ բավական թանկարժեք: Այնուամենայնիվ, կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք և՛ հասանելի են, և՛ անցավ ու արդյունավետ:
Այս միջոցները չեն կարող մեկընդմիշտ ազատել անցանկալի մազերից, սակայն դրանք կօգնեն զգալիորեն նոսրացնել մազածածկույթը, ինչը թույլ կտա դարձնել դրանք ավելի քիչ նկատելի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երեքը:
Թեյի ծառի յուղ և նարդոսի յուղ
Այս յուղերն օժտված են հակաանդրոգենային ազդեցությամբ, ուստի տեղային օգտագործման դեպքում կօգնեն նոսրացնել անցանկալի մազածածկույթը: Սա լավագույն տարբերակն է ինչպես դեմքի ու պարանոցի, այնպես էլ մարմնի այլ հատվածների անցանկալի մազերից ազատվելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 թեյի գդալ նարդոսի յուղ,
5 կաթիլ թեյի ծառի յուղ:
Օգտագործման եղանակը.
Յուղերը խառնել, այնուհետև ստացված խառնուրդը բամբակի միջոցով քսել մազածածկ հատվածին: Ցանկալի արդյունքին հնարավորինս շուտ հասնելու համար խորհուրդ է տրվում այս պրոցեդուրան կրկնել օրական 2-3 անգամ: Այն հատկապես արդյունավետ է դեմքի անցանկալի մազերի դեմ պայքարելու համար
Ծիրանաչրով ու մեղրով սկրաբ
Այս սկրաբը կօգնի դեմքի անցանկալի մազերը դարձնել ավելի բարակ ու քիչ նկատելի, ինչի շնորհիվ դրանցից ազատվելն ավելի հեշտ կլինի: Բացի այդ, այն կազատի մահացած բջիջներից ու կգունաբացի մուգ հետքերը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
½ բաժակ ծիրանաչիր (87 գրամ),
1 ճաշի գդալ մեղր (25 գրամ):
Օգտագործման եղանակը.
Ծիրանաչիրը մսաղացով մանրացնել, այնուհետև ավելացնել մեղրն ու լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել սկրաբը մազածածկ հատվածին, թողնել 10 րոպե, այնուհետև մի փոքր շփել մատների ծայրերով ու լվացվել գոլ ջրով: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական երեք անգամ:
Շաքարով ու կիտրոնով մածուկ
Հատուկ մածուկներով մազահեռացման պրոցեդուրան ծանոթ է շատերին, սակայն քչերին է հայտնի, որ նմանատիպ մածուկ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ: Այս միջոցը կարելի է օգտագործել մարմնի ցանկացած հատվածի անցանկալի մազերի հեռացման համար, այդ թվում նաև դեմքի մազերի:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 բաժակ շաքարավազ (200 գրամ),
1 հատ կիտրոն,
¼ բաժակ ջուր,
եգիպտացորենի ալյուր:
Օգտագործման եղանակը.
Շաքարավազը, կիտրոնի հյութն ու ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել այն թույլ կրակին՝ պարբերաբար խառնելով: Եփել խառնուրդը մինչև այն պատվի պղպջակներով և վերածվի համասեռ զանգվածի, այնուհետև վերցնել կաթսան կրակից ու թողնել մածուկը մի փոքր սառչի:
Եգիպտացորենի ալյուրը քսել մաշկին ու յուղազերծել այն, այնուհետև տաք (բայց ոչ այրող) մածուկը քսել մաշկին մազերի աճի ուղղությամբ, ծածկել մաքուր բամբակյա կտորով և սպասել մի քանի րոպե: Երբ մածուկը սառչի, հարկավոր է բռնել կտորի մի ծայրից և քաշել այն մազերի աճի հակառակ ուղղությամբ՝ հեռացնելով ավելորդ մազերը:
Այս պրոցեդուրան կարող է մի փոքր ցավոտ լինել, սակայն այն շատ արդյունավետ է: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել պրոցեդուրան մի քանի անգամ, սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է շատ զգույշ լինել մաշկի վնասվածքներից խուսափելու համար: Բացի այդ, այրվածքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է նախապես ստուգել մածուկի ջերմությունն ու համոզվել, որ այն չի այրի մաշկը:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru