ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրեց պլանը՝ 3 փուլից կազմված եռաստիճան, որը երկրի տնտեսությունը, առևտուրը վերաբացելու համար նպատակով է:
Առաջին փուլը ենթադրում է մեծ օբյեկտների` ռեստորանների, մարզասրահների վերաբացում, որտեղ սոցիալական հեռավորությունը խստորեն պետք է պահպանվի, պայմաններ ապահովվեն, որ մարդիկ միմյանց մոտ չգտնվեն: Երկրորդ փուլը ենթադրում է դպրոցների, ուսումնական հաստատությունների, ճամփորդությունների վերաբացում: Կթույլատրվի 5 տասնյակ մարդկանց միաժամանակյա ներկայությունը նույն վայրում: Երրորդ փուլում արդեն կվերացվեն բժշկական տեսանկյունից խոցելի խմբերի նկատմամբ սահմանափակումները:
Թրամփի ուղեցույցը պարտադիր կատարման հրահանգ չէ, այլ ավելի շուտ առաջարկների փաթեթ է: Նահանգներն իրենք են որոշում կայացնելու` յուրաքանչյուրը գնահատելով իր մոտ ստեղծված իրավիճակը: Նախագահն ասել է, որ տնտեսությունը վերաբացելու իր ներկայացրած ուղեցույցի հիման վրա հենց հաջորդ օրը որոշ նահանգներ կարող են վերաբացվել, իսկ մյուսները քայլեր կատարեն մոտ ապագայում: «Նահանգապետերը լիազորություններ ունեն տեղայնացնելու մոտեցումները իրենց նահանգի պայմաններին համապատասխան: Բոլոր նահանգները տարբեր են, եթե նրանք փակ մնալու կարիք ունեն, մենք դա կթույլատրենք: Եթե կարծում են` վերաբացվելու ժամանակն է, մենք նրանց կօգնենք, որ արագ, շատ արագ իրականացնեն դա»,- ըստ «Ազատության»՝ նշել է Թրամփը` նահանգներին կոչ անելով միասին աշխատել ներդաշնակեցնելու նրանց ռեգիոնալ ջանքերը: Հյուսիս-արևելյան շրջանների յոթ նահանգներ, այդ թվում` Նյու Յորքն արդեն հայտնել են, որ առկա սահմանափակումները երկարաձգում են առնվազն մինչև մայիսի 15-ը: Կենտրոնական շրջանների յոթ նահանգներ, այդ թվում` Միչիգանը, Վիսկոնսինը, Իլինոիսը որոշել են համակարգել իրենց ջանքերը` տնտեսության ռեստարտն իրականացնելու համար:
Մոտ երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում անցավ 2 միլիոն 200 հազարից, զոհերի թիվը ացնել է 152 հազարից: Վարակի տարածման տեմպերով աշխարհում առաջատարը Միացյալ Նահանգներն է, այդ երկրում հաստատված դեպքերի թիվը գրեթե 691 հազարի է հասնում, մահացել է ավելի քան 35,955 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների 50 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, որտեղ ամենամեծ թվերը Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում են: Բացի Ֆրանսիայից մյուս երեք երկրները սկսել են թուլացնել համաճարակի դեմ ավելի վաղ սահմանած կոշտ միջոցառումները, առողջապահության ոլորտը համակարգող միջազգային կառույցը, մինչդեռ, հորդորում է չշտապել՝ նախազգուշացնելով առաջիկա շաբաթներին հնարավոր վատթարագույն պատկերի մասին:
Ֆրանսիայում հակահամաճարակային սահմանափակումները թերևս ամենախիստն են Եվրամիության տարածքում: Այդքանով հանդերձ՝ իրավիճակն օր-օրի բարդանում է. միայն երեկ այդ երկրում ռեկորդային թվով մահվան դեպքեր են արձանագրվել՝ 1438, զոհերի ընդհանուր թիվը հասցնելով 18 հազարի: Հաղորդվում է, որ վտանգված են երկրի գրեթե բոլոր ծերանոցները, որտեղ վարակի առնվազն մեկական դեպք է հաստատվել:
Գերմանիայից լուրերը հիմնականում դրական են: Երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ երկրում կարանտինային միջոցառումները թույլ են տվել իրավիճակը վերահսկողության տակ առնել, և վերջին տվյալները փաստում են, որ նոր վարակակիրների թիվը նվազում է, ավելանում են ապաքինվածները: Նախարարի խոսքով՝ համաճարակի դեմ պայքարի հաջողության շնորհիվ մայիսից երկրի հիվանդանոցները կանցնեն աշխատանքի բնականոն ռեժիմի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով՝ համաճարակային իրավիճակը սրվում է Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Մեծ Բրիտանիայում: Միացյալ Թագավորությունում վարակվածների թիվը հասել է 103 հազարի, կառավարությունը ևս երեք շաբաթով երկարաձգեց կարանտինը:
Ռուսաստանում վարակվածների թվի աճը պահպանվում է՝ օրական ավելի քան 3 հազար մարդ, վարակակիրների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 32 հազարը: Նախագահ Վլադիմիր Պուտինը ի վերջո որոշեց հետաձգել մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը:
Կորոնավիրուսի համաճարակի ծագման օջախ համարվող Չինաստանի Հուբեի նահանգի իշխանություններն այսօր ներկայացրել են համաճարակի նոր վիճակագրությունը, ըստ որի՝ զոհերի թիվը մոտ 1300-ով կամ գրեթե 50 տոկոսով ավելի է, քան հաղորդվում էր ավելի վաղ: Նահանգի պաշտոնյաները պնդում են, որ տվյալները թաքցնելու դիտավորություն չեն ունեցել, նոր թվերը պայմանավորված են նոր տվյալների հայթայթմամբ: Կորոնավիրուսի դեպքերի Չինաստանի ներկայացրած վիճակագրությունը մի շարք երկրներում կասկածի տեղիք է տվել: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, մասնավորապես, հայտարարել է, թե միամտություն էր Պեկինի հրապարակած տվյալներին հավատալը:
Այժմ արդեն ոչ միայն Միացյալ Նահանգներն, այլև Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են հրապարակավ հայտարարում` մի շարք հարցեր ունեն Չինաստանին Ուհանում անցած տարեվերջին ի հայտ եկած նոր կորոնավիրուսի, դրա ծագման ու տարածման վերաբերյալ: «Ակնհայտ է, որ մենք չենք կարող նախկինի պես աշխատել Չինաստանի հետ», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, ով այս օրերին հանդես է գալիս վարչապետի անունից: Բորիս Ջոնսոնը ինքն էլ մի քանի շաբաթ է` պայքարում է նոր վիրուսի դեմ, որն արդեն մոտ 150 հազար մարդու կյանք է խլել ու կաթվածահար արել համաշխարհային տնտեսությունը: «Այս ճգնաժամից հետո Չինաստանը պետք է պատասխան տա մի շարք դժվարին հարցերի, մասնավորապես` ինչպե՞ս է ծագել այս վիրուսը, և հնարավոր չէ՞ր արդյոք այն ավելի վաղ կանխարգելել», - հայտարարել է Ռաաբը:
Մինչ այդ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ էին հաղորդել` Վաշինգտոնում ավելի են ամրապնդվում կասկածները, որ վիրուսն իրականում ոչ թե կենդանիների շուկայում է տարածվել ու փոխանցվել մարդուն, ինչպես պնդում է Չինաստանը, այլ` սկիզբ է առել այդ շուկայից քիչ հեռու գործող բիոլաբորատորիայում ու տարածվել մարդկային սխալի պատճառով: Նախօրեին լրագրողները այս մասին հարց էին ուղղել նախագահ Թրամփին` Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ:
«Մի շարք աղբյուրներ Fox News-ին հաղորդել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունում այժմ արժանահավատ են համարում պնդումները, ըստ որոնց այս վիրուսը սկիզբ է առել Ուհանի լաբորատորիայում, բայց քանի որ այնտեղ անվտանգության կանոնները բավարար չափով չեն պաշտպանվում, վարակն անցել է աշխատակիցներից մեկին: Արդյոք սա համապատասխանո՞ւմ է այն տեղեկատվությանը, որ դուք ստացել եք պաշտոնյաներից», - ըստ «Ազատության»՝ հարցրել էր FOX NEWS-ի թղթակից Ջոն Ռոբերտսը:
Փաստացի Սպիտակ տան ղեկավարը չէր հաստատել, բայց և չէր հերքել այդ վարկածը, իսկ երբ լրագրողները հետաքրքրվել էին` արդյոք քննարկե՞լ է հարցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, Դոնալդ Թրամփը պատասխանել էր` «չէի ուզի հիմա բացահայտել մեր զրույցի մանրամասները»: «Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում այս մասին, և շատ հանգամանալից ուսումնասիրություն ենք անում այս սարսափելի իրավիճակի շուրջ` պարզելու` ինչ է տեղի ունեցել», - ասել է ԱՄՆ նախագահը:
Քննարկումներն էլ ավելի էին թեժացել, երբ հեղինակավոր «Վաշինգտոն Փոստ»-ը գրել էր, թե կորոնավիրուսի համաճարակի բռնկումից երկու տարի առաջ դեռ Չինաստանում աշխատող ամերիկացի դիվանագետները ներքին խողովակներով երկու անգամ նամակ են ուղարկել Վաշինգտոն ու ահազանգել` Ուհանի բիոլաբորատորիայում, որտեղ վտանգավոր փորձարկումներ են իրականացվում, անվտանգության պատշաճ նորմերը չեն պահպանվում: Արձագանքելով այդ հաղորդումներին` պետքարտուղար Մայք Փոմփեոն նախօրեին հորդորել է Չինաստանի կառավարությանը բացվել աշխարհի առաջ ու փարատել այս կասկածները: «Մենք գիտենք, որ վիրուսը սկիզբ է առել Ուհանում, շուկայում, գիտենք, որ այդ շուկայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ բիոլաբորատորիան է գտնվում: Բայց մենք նաև մի շարք հարցերի պատասխաններ չունեն, և մեզ անհրաժեշտ է, որ Չինաստանի կառավարությունը ճշմարտությունն ասի: Նրանք հայտարարում են, թե ուզում են համագործակցել, դրա լավագույն ճանապարհը կլինի թույլ տալ, որ աշխարհի փորձագետներն ու գիտնականները մուտք ունենան այդ տարածք և պարզեն` իրականում ինչ է տեղի ունեցել», - նշել էր Փոմփեոն:
Ֆրանսիայի նախագահն է կասկածի տակ դրել պաշտոնական Պեկինից հնչող հայտարարությունները: «Միամտություն կլիներ հավատալ, որ Չինաստանը արևմուտքից ավելի արդյունավետ է պայքարել վիրուսի դեմ», - Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Էմանյուել Մակրոնը, ընդգծելով, - «Ակնհայտ է, որ այնտեղ տեղի են ունեցել բաներ, որոնց մասին մենք չգիտենք»:
Մինչդեռ պաշտոնական Պեկինը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Արտգործնախարարության խոսնակն այսօր կրկին պնդել է, թե առաջին իսկ օրից բաց ու թափանցիկ է աշխատել միջազգային համայնքի հետ: Հերքելով արևմուտքում հնչող կասկածները` չինական կառավարությունը միաժամանակ այսօր` համաճարակի բռնկումից ամիսներ անց, ընդունել է, որ էպիկենտրոնը դարձած Ուհանում իրականում կորոնավիրուսից մահվան դեպքերը շատ ավելին են եղել, քանի մինչ օրս ներկայացվել էր: Հրապարակված նոր վիճակագրության համաձայն, մասնավորապես, մահացության ցուցանիշն ավելացել է 50 տոկոսով` հասնելով շուրջ չորս հազարի: «Մենք երբեք ոչինչ չենք թաքցրել, ուղղակի վարակի սկզբնական շրջանում հաշվարկը սխալ էր կատարվել», ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:
Նախագահ Սի Ծինփինն էլ հարցը քննարկել է արևմուտքի հետ լարված հարաբերություններով հայտնի մեկ այլ գործընկերոջ` Ռուսաստանի նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինը փաստել է` «որոշ մարդիկ ուղղակի ուզում են վարկաբեկել Պեկինին»:
Թե ինչ իրավիճակ է տեղում իրականում, դժվար է ասել` գրաքննության ու սահմանափակումների պատճառով: Շաբաթներ առաջ Պեկինը երկրից վտարեց ամերիկյան հեղինակավոր պարբերականների, այդ թվում` NYT-ի, WP-ի, Bloomberg-ի թղթակիցներին, որոնք պաշտոնական հաղորդագրություններից տարբերվող կարծիքներ ու փաստեր էին հրապարակում: Մի քանի օր առաջ էլ Չինաստանի դատախազությունը հաղորդեց, թե քրեական գործ է հարուցել երկրի ազդեցիկ գործարարներից մեկի դեմ, ով քննադատել էր նախագահ Սի Ծինփինի քաղաքականությունը համաճարակի դեմ պայքարում:
Անշարժ գույքի ոլորտում մեծ կարողություններ ունեցող Ռեն Ժիգիանգը ուղղակի անհետացել էր` սոցիալական ցանցերում տարածված այդ քննադատական հոդվածից հետո: Մի քանի շաբաթ 68-ամյա գործարարի, նրա գտնվելու վայրի մասին որևէ բան հայտնի չէր, և միայն վերջերս Պեկինն ընդունեց, որ նա բանտում է` կարգուկանոնի ու օրենքի կոպտագույն խախտումների համար:
Մետաքսյա Շալունց
Աղբյուրը՝ https://hayeli.am/?l=am