Չինաստանում կորոնավիրուսով վարակված երկու պացիենտի մոտ կողմնակի էֆեկտի պատճառով մգացել է մաշկի գույնը, հաղորդում է CCTV-ն:
Բժիշկներ Իյ Ֆանը եւ Խու Վեյֆենը վարակվել են կորոնավիրուսով հունվարին, երբ աշխատել են Ուհանի Կենտրոնական հիվանդանոցում:
Իյի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, եւ նա 39 օր միացված է եղել արհեստական կենսաապահովման սարքին: Ապրիլի 20-ին նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ արդեն լավ է զգում իրեն, սակայն չի կարողանում վեր կենալ անկողնուց: Ավելին, հիվանդությունը շատ է ազդել նրա հոգեկան վիճակի վրա, նա հաճախ մղձավանջներ է տեսնում:
Իսկ բժիշկ Խուն շատ ծանր է տարել վարակը. նա գամված է անկողնուն արդեն 99 օր: Նա չի կարողանում խոսել լրագրողների հետ, սակայն սեղմել է իրեն բուժող բժշկի ձեռքը՝ ի նշան երախտագիտության:
Երկու պացիենտների մոտ մգացել է մաշկի գույնը: Նրանց բուժող բժիշկը կասկածում է, որ դա տեղի է ունեցել դեղերի կողմնակի էֆեկտի պատճառով: Բժիշկն ակնկալում է, որ շուտով նրանց մաշկի գույնը կընդունի նախկին երանգը: