Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, անչափ հաճելի էր տեսնել Ձեր համատարած դրական արձանքները կարանտինային պայմաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ: Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը հանդիսանում է այս միջոցառումների թե՜ բովանդակային, թե՜ կազմակերպչական լուծումների հեղինակը: Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված աշխատանքային խումբն իր առաջին նիստն ունեցավ ապրիլի 18-ին: Փաստացի ունեցել ենք ընդամենը 6 օր, որոնց ընթացքում կատարվել է ահռելի ծավալների աշխատանք, որի համար առանձնահատուկ գովասանքի են արժանի ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետ Արթուր Ավետիսյանը, ում ամենօրյա աշխատանքներում ամբողջական ներգրավվածության արդյունքն էր այն, ինչի ականատեսը եղանք բոլորս: Իսկ Հանրային հեռուստաըկերության աշխատակազմն ուղղակի անհավանական աշխատանք իրականացրեց:
Սա Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր, որով ի ցույց դրվեց համայն աշխարհին, թե ինչ քաղաքակրթության ոչնչացման հրեշավոր փորձ է կատարվել 20-րդ դարի սկզբին:
Պատմական արդարության հաստատումն այլընտրանք չունի: Հիշում ենք և պահանջում»: