Ապրիլի 27-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Գանձասար-Կապան», «Նոա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈւԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները:


Նշվում է, որ մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2020/2021թթ․ խաղարկությանը:

Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 9 ակումբներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատմության մեջ առաջին անգամ քննության առավ նաև ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2020/2021թթ․ ՈւԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Շիրակ» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշներին և ստացել համապատասխան արտոնագիրը։