Ցավալի էր այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Ասել է, թե չի ցանկանում մեկնաբանել, մանրանալ, պատմել, թե ինչ եղավ, ինչու եղավ, բայց իր համար մի կարեւոր փաստ է ուզում նշել։

«Այն արտահայտությունը, որի համար ինձ քննադատում եք՝ կապված տիկին Սամսոնյանի հետ, որը ես արել եմ, ես համարում եմ սխալ եւ ընդունում եմ իմ սխալը, որ ելույթի ժամանակ ես այնուամենայնիվ պետք է զսպեի իմ ջղայնությունը, թեեւ ոչ մի շատ վատ բան վերագրող բան նկատի չեմ ունեցել։ Միգուցե դա եղել է զուտ ջղայնությունից դրդված եւ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում, որ ես հիմա՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ տղամարդ, ասում եմ եթերով իմ հակառակորդին, նույնիսկ այն հակառակորդին, որը ոչ այնքան լավ է արտահայտվում ամբիոնից, նման արտահայտություն եմ արել, ներողություն եմ խնդրում», ասել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահի ձեւակեպմամբ՝ տեղի ունեցածի հետ կապված արդեն իր ասելիքն ասել է եւ կարող է ավելացնել, որ «ելույթի ժամանակ քաղաքական խոսք է ասվում»․

«Բնականաբար, այն կարող է լինել սուր, այն կարող է լինել նաեւ կոշտ, կոպիտ, բայց ընդունենք, հասկանանք, որ այնուամենայնիվ հնչած սեռական բնույթի վիրավորանքին ես նույնպես չէի կարող չպատասխանել եւ եթե նայեք տեսանյութը, ամբողջ տեքստը բաղկացած է իմ հակադարձելու տրամաբանության մեջ եւ ես ստիպված եմ եղել հակադարձել, որի համար արդեն հանրությանը ասել եմ իմ կարծիքը, ասել եմ, որ ցավում եմ, որ նման իրավիճակի են նրանք ականատես եղել»։

«Ինչ վերաբերում է քաղաքականությանը, այո, ես բավականին հաճախ հանդես եմ գալիս կոշտ եւ սուր ելույթներով, այդ ելույթները շարումակվելու են, որովհետեւ հավատում եմ այն գործին, ինչը անում եմ», ասել է Ալեն Սիմոնյանն ու ավելացրել․։

«Սիրում եմ բոլորիդ, հարգում եմ բոլորիդ, հարգում եմ մեր մայրերին, քույրերին, կանանց։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն գործընկերներին, որոնք իրար հերթ չտալով ինձ սատարում էին, գովեստի խոսքեր էին ասում, հպարտանում եմ ձեզանով»։