Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում և կարևորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը», - ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել համագործակցության արդյունավետ ռազմավարությունը, որն ուղղված է ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը և մասնավոր հատվածի զարգացմանը:
Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան պաշտոնավարման ընթացքում, ՎԶԵԲ-ի նախագահը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության հաջող ընթացքից և անդրադարձել ՎԶԵԲ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ՓՄՁ զարգացման, գործարար միջավայրի բարելավման և մի շարք այլ ծրագրերին:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, մի կողմից, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ի դեմս բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, մյուս կողմից, ստորագրել են վարկային համաձայնագիր:
Ըստ համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 5.4 միլիոն եվրո սուվերեն վարկ, որն օգտագործվելու է Երևանի 1.1 մլն բնակչի համար ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է Երևանի ջրային համակարգի օպերատոր` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից և աջակցելու է քաղաքի ջրային ցանցի բարեկարգմանը` բարելավելով ջրի հասանելիությունը և նվազեցնելով ջրի կորուստները: Արդյունքում կվերականգնվեն ջրի բաշխման ցանցի խիստ վատթարացած հատվածները, կփոխարինվեն ջրամատակարարման ցանցի խողովակները, ինչպես նաև տներում կտեղադրվեն նոր ջրաչափեր: