Երբ կենդանուն հակաբիոտիկ են տալիս, պետք է սպասեն, որ այն դուրս գա օրգանիզմից. այդ ընթացքում նրա տված բարիքը` կաթը, պետք է չօգտագործել, ինչպես նաև մորթ չանել։ Սակայն ՀՀ–ում շատերը շրջանցում են այս պայմանը։ Այսուհետ հակաբիոտիկներով կերերը կարգելվեն։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հակաբիոտիկների որոշակի չափաբաժին մեր օրգանիզմ է մտնում ոչ թե դեղերի, այլ հակաբիոտիկներով «հարուստ» սննդի միջոցով։ Ոչ ոք պաշտպանված չէ նման ռիսկից. ավելին, ըստ միջազգային տվյալների, աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում: Հաշվի առնելով, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը լուրջ խնդիր է համաշխարհային առողջապահության համար` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ««Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակել։ Ըստ այդմ` այսուհետ կբացառվի հակաբիոտիկների ավելացումը կերային հավելումներում, ինչպես նաև չի թույլատրվի դեղային կերերի օգտագործումը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում հակաբիոտիկներ ամենաշատը հանդիպում են մեղրի մեջ։

«Գրեթե բոլոր մեղվապահները հակաբիոտիկներ են օգտագործում։ Մեղվապահներն ասում են, որ եթե հակաբիոտիկ չլինի, մեղուները կսատկեն հիվանդություններից։ Մասնագետներին հանձնարարել եմ հակաբիոտիկների այլընտրանք գտնել։ Անասնապահության ոլորտում նույնպես բարդ է վիճակը, քանի որ գյուղացին առավոտյան տեսնում է` կովը տրամադրություն չունի, նրան հակաբիոտիկ է ներարկում»,–ասաց Ավետիսյանը։
Իսկ կենդանուն հակաբիոտիկ ներարկելուց հետո պետք է որոշակի ժամկետ պահեն ու նոր միայն մորթ անեն, այսինքն` հաշվի առնեն, թե ինչ ժամանակահատվածում է հակաբիոտիկը դուրս գալիս օրգանիզմից։ Գյուղացին, Ավետիսյանի հավաստմամբ, եթե անգամ կենդանուն մորթելու ժամանակը պահում է, միևնույնն է, մինչ անասունի օրգանիզմից հակաբիոտիկների դուրս գալը նրա տված կաթը չի թափում, այլ օգտագործում կամ վաճառում է։

Պանիր
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում
Ավելին, վերամշակողները նույնպես գյուղացուց են կաթ գնում, և այս դեպքում միակ փրկությունը հենց օրենքում փոփոխություն կատարելն է։

«Իմ երազանքն էր դարձել, որ «Կերի մասին» օրենքում փոփոխություն անեին, ու դրանից հանվեր հորմոնների, հակաբիոտիկների մասը»,–ասաց Ավետիսյանն ու հավելեց, որ կենդանուն դեղամիջոց պետք է ներարկի անասնագետը, ոչ թե անասնապահը։

Ի՞նչ են ուտում մեկուսացված քաղաքացիները Հայաստանում. տեսանյութ

Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն էլ նշեց, որ իրենց կենտրոնը հակաբիոտիկների հետ կապված հետազոտություն է արել։ Պարզվել է` ձկնաբուծության ոլորտում բազմաթիվ դեպքերում արտահանում չի իրականացվել, քանի որ դրանց մեջ արգելված հակաբիոտիկ է հայտնաբերվել։ Պարզվել է նաև, որ արգելված հակաբիոտիկներ են կիրառվում ինչպես ձկնաբուծության, այնպես էլ մեղվաբուծության, թռչնաբուծության մեջ։

«Այսօր Հայաստանում արտադրվող սննդամթերքի որոշ տեսակներ անվտանգության առումով մրցունակ չեն աշխարհում։ Մենք արտահանման խնդիրներ ենք ունենում։ Բացի այդ, այլ երկրներում կենդանիների համար կիրառվող հակաբիոտիկներն այլ են, իսկ մարդկանց համար կիրառվողը` մեկ այլ»,–ասաց Պիպոյանը` հավելելով, որ նման քայլի են գնում, որպեսզի մարդկանց մոտ հակաբիոտիկների հանդեպ կայունություն չառաջանա։
Մասնագետը նշեց` «Կերի մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո գոնե մեծ արտադրողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն կլինի։ Իսկ ինչ վերաբերում է գյուղացիներին, ապա մի կողմից` որոշակիորեն վերահսկողություն կսահմանվի նաև նրանց նկատմամբ, քանի որ կերը մեծ մասամբ ներկրվում է, մյուս կողմից` չես կարող յուրաքանչյուր տուն մտնել ու վերահսկել։ Պիպոյանի խոսքով` գյուղացիները հաճախ են հակաբիոտիկների օգնությանը դիմում, օրինակ` երբ վառեկներն աղիքային խնդիրներ են ունենում, տետրացիկլին են խառնում կերին։

Նշենք, որ ««Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:

 

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am